Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դասախոսներին աշխատանքից հեռացնելը հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղել, ինչո՞ւ չեն դիմադրել բուհերի ներքին օղակները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր նախորդ համարում գրել էր, որ ԵՊՀ-ի և Բրյուսովի անվան համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են աշխատանքից: Ուսումնական տարվա մեկնարկին նրանք ծանուցվել էին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվում: Թիրախում հայտնվեցին այն դասախոսները, որոնք մշտապես, առանց վարանելու, իրենց դիրքորոշումն են արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանը մեկն է այն դասախոսներից, ում հետ ԵՊՀ-ն նոր պայմանագիր չի կնքել: Ինչպես նշել էր պարոն Սողոմոնյանը, «միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն. իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից»:

Արդյոք նման որոշումը կանխատեսելի՞ էր Մենուա Սողոմոնյանի համար: «Ինձ համար անսպասելի չէր: Ինձ վրա քրեական գործ էր հարուցվել, անհիմն դատական գործընթացի մեջ եմ: Դա ցուցիչներից մեկն էր: Բազմաթիվ ցուցիչներով հասկանում էի, որ պետք է փորձեն ինձ հարվածի տակ դնել, ահաբեկել, որ հետ կանգնեմ իմ գործունեությունից: Բայց չեմ ցանկանա, որ միայն սրա վրա կենտրոնանանք: Այստեղ փաստը ոչ թե այն է, որ նիկոլենք ճնշումներ են գործադրում բուհերի վրա, փորձում այդպես սաստել, լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե բուհի ներսում տարբեր օղակները, տարբեր պատասխանատու ստորաբաժանումները որքանո՞վ են հլու-հպատակ կեցվածք ընդունում կամ դիմադրում, դիմակայում այսպիսի միտումներին: Սա է ամենակարևոր խնդիրը: Իմ կամ Աբրահամ Գասպարյանի հետ կապված կարող էին դիմադրել, ասել, որ որևէ հիմք չկա այս մարդկանց աշխատանքից ազատելու:

Ինձ հետ պայմանագիր չերկարացնելը բացառապես հայեցողական նկատառումներից ելնելով է արված: 16 տարի դասավանդել եմ համալսարանում ու լավ եմ դասավանդել: Իմ մասին ուսանողական հարցումների արդյունքները շատ բարձր էին, դրանց համար հավելավճարներ եմ ստացել: Համալսարանում վարչական պաշտոններ եմ զբաղեցրել՝ ներգրավված լինելով կրթության կազմակերպման գործընթացի մեջ: Բարձրագույն կրթության փորձագետ եմ հանդիսացել նախարարության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրումների շրջանակներում և այսպես շարունակ: Որևիցե հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու: Եթե անգամ ճնշումներ են եղել, պատվեր, Քաղաքագիտության ամբիոնը կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էին ուղղակի դիմադրել, թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա: Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին: Համալսարանում մնալու են մարդիկ, որոնք հանրայնորեն կարծիք չեն արտահայտում:

Հետո էլ սկսելու են ճնշել ոչ հանրայնորեն կարծիք արտահայտողներին: Ինչ-որ մեկը հանկարծ Նիկոլ Փաշինյանի մասին կատակ անի, նրան կհեռացնեն աշխատանքից: Կամ էլ ինչ-որ մեկը պարզապես ռեկտորի դուրը չի գա, նրա հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացվի և վերջ: Դա հարվածում է կրթության որակին, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ի վերջո, հակասում է մարդկային բարոյականության սկզբունքներին: Մարդու հետ տասնյակ տարիներ աշխատում ես կողք կողքի որպես գործընկեր, բայց նա քեզ չի էլ տեղեկացնում, որ քո դասընթացները հանել է ուսումնական պլանից, և անակնկալի ես գալիս: Մթնոլորտի փչացումը, բարոյականության բարքերի խեղումն է այս ամբողջի մեջ ամենակարևոր հանգամանքը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Նա վստահեցնում է՝ չի լռելու, անարդարությունը չի «մարսելու», բայց այս պահին մանրամասներ չի հնչեցնում, թե ինչ քայլեր է անելու հաջորդիվ: Ակնհայտ է, որ թիրախավորվել են այն դասախոսները, որոնք իրենց քաղաքացիական, նաև քաղաքական դիրքորոշումն են արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է նաև, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որքան էլ բուհերի ղեկավարությունները հակառակն ասեն: Բայց 2018 թ.-ին իշխանության եկած մարդիկ պնդում էին՝ իրենց առաջնային անելիքներից մեկը պետք է բուհերի ապաքաղաքականացումը լինի: Ստացվում է՝ գործ ունենք հերթական չիրականացված խոստման հետ: «Այդ մարդիկ, ի հակադրություն իրենց տված խոստման, բուհերը դարձնում են գերքաղաքականացված, ավելի քան քաղաքականացված, երբ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում են սկսում, որովհետև այդ քաղաքական հայացքները մարդիկ բուհերից դուրս են հանում: Դասերի ընթացքում միայն դասերով եմ զբաղվել: Իմ բոլոր ուսանողներն ու շրջանավարտները կարող են փաստել սա:Եղել է էպիզոդիկ դեպք 16 տարվա ընթացքում:

Օրինակ՝ Արցախի հայաթափման օրը չէի կարող մտնել լսարան և չխոսել այդ մասին: Չեմ ժխտում, որ ինչ-որ տեղ ցուցադրել եմ իմ հայացքները: Քաղաքագիտության մասնագետ դարձող ուսանողների մոտ չեմ կարող չարտահայտել իմ դիրքորոշումը: Ի վերջո, նշենք, որ ցանկացած մեկը լսարանից դուրս կարող է տեղեկանալ իմ դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ: Բայց հիշեցնեմ՝ նույն այդ մարդկանց «հավին քշա ասող» չկար, որոնք բողոքում էին այն ժամանակվա վիճակներից և խոստումներ տալիս բուհերն ապաքաղաքականացնելու: Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին:Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Բուհերում տեղի ունեցող այս գործընթացներից առաջին հերթին տուժելու է ուսանողը, այնուհետև կրթական համակարգը, իսկ ավելի լայն իմաստով՝ հասարակությունն ու պետությունը: Պարոն Սողոմոնյանի հետ զրույցներում մշտապես բարձրաձայնել ենք մտահոգությունն առ այն, որ միայն կրթված հասարակությունն է ի զորու ազդել որոշումների կայացման վրա, ամուր հիմքերով պետություն կառուցել: Բայց իշխող ուժն այսօր թուլացնում է այդ հիմքերից մեկը՝ կրթական համակարգը: «Քար առ քար քանդում են պետության և հասարակության հիմքում ընկած արժեքային համակարգը: Յուրաքանչյուր այդպիսի քար քանդելուց փորձում ենք դիմադրել, որքանով թույլ են տալիս մեր հնարավորությունները: ԵՊՀ-ից Խաչիկ Գալստյանի, Աբրահամ Գասպարյանի, Բրյուսովի անվան համալսարանից Հակոբ Մադոյանի, Ցոլակ Հակոբյանի և այլոց դեպքերն աչքի զարնող են, բայց եզակիները չեն: Այս բոլոր դեպքերի առնչությամբ պետք է բարձրաձայնենք և փորձենք ներսի օղակներին ձիգ վիճակում պահել:

Դասախոսներին աշխատանքից հեռացնելը, «ժամ չտալը» հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղե՞լ, որ նրանք այսպիսի կրավորական վարքագիծ են դրսևորել ու չեն փորձել դիմադրություն ցույց տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ դիմադրելու փորձ չի եղել, որովհետև եթե եղած լիներ, ինձ, Գալստյանին, Գասպարյանին գոնե կասեին, որ նման բան են ուզում անել, բայց դա էլ չի ասվել, այդ մարդկային քայլն էլ չի եղել, ու սա շատ դատապարտելի է բարոյական բոլոր նորմերի տեսանկյունից: Քաղաքական ճնշումը, պատվերն ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, բայց երբ դրան նաև գումարվում է մարդկային հարաբերության նորմերի շրջանցումը, սա անհասկանալի է»,-հավելում է նա: Ընդդիմադիրները քաղաքական բուռն իրադարձություններ են խոստանում աշնանը: Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված դասախոսների հանդեպ նման գործելակերպը, գուցե նաև սա «զգուշացում» է նրանց, ովքեր իրենց քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը կարտահայտեն:

«Չեմ կարող սա միանշանակ կապել սպասվելիքի հետ, բայց որպես ընդհանուր օրինաչափություն, այո, նրանց պետք է, որ մենք ուսանողների հետ շփումներ չունենանք: Օրինակ՝ Խաչիկ Գալստյանի դեպքում կրճատել են հիմնականում նրա լսարանային բեռնվածությունը, այսինքն՝ լսարանում անցկացվող դասընթացներն են հանվել, որ նա մեծ թվով ուսանողների հետ շփում չունենա: Ստիպված թողել են միայն ասպիրանտներին ղեկավարելու հետ կապված նրա բեռնվածությունը: Նրանց խնդիրն է, որ ուսանողների հետ շփում չունենանք, որ ուսանողներն անգամ լսարանում մեզ չտեսնեն: Շատ լավ գիտեն, որ լսարանում քարոզ չենք անում, բայց տեսնում են՝ երբ մտնում ենք լսարան ու բարձր որակի կրթություն ենք տալիս, հետո այդ ուսանողները սկսում են մեզ հետևել սոցցանցերում և այլուր, և համակրանք է ձևավորվում: Իրենք, այ, դրանից են շատ անհանգիստ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե