Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանայի և եղբոր՝ Էդուարդի տարիքային տարբերությունը շատ չէ, ընդամենը՝ երկու տարի: Քույրիկն ավագն է և հիշում է եղբոր մանկությունն ու պատանեկությունը, նրա հետ անցկացրած ամեն ակնթարթը: Ասում է՝ եղբայրը շատ մեծ դժվարությամբ է լույս աշխարհ եկել: «4,5 կիլոգրամ քաշ է ունեցել Էդուարդը: Անգամ ինչ-որ պահի բժիշկները երկընտրանքի առջև են կանգնել և դիմել են հայրիկիս՝ կա՛մ մայրիկի կյանքը պիտի փրկեին, կա՛մ երեխայի: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, և ընտրություն կատարելու անհրաժեշտություն բժիշկները չեն ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիանան:

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ նշում է՝ նա շատ հանգիստ, զուսպ, համեստ երեխա էր: «Երբեք չի ներքաշվել վեճերի ու կռիվների մեջ: Երբեք որևէ մեկին նեղություն չի տվել որպես երեխա, նույն կերպ էր նաև ավելի հասուն տարիքում: Շատ գաղտնապահ էր, և իրենից որևէ բան իմանալ չէիր կարող: Տարիքով փոքրն ինքն էր, բայց միշտ իր հետ հաշվի էի նստում, չէի կարող առանց իր իմացության որևէ բան անել: Անպայման պետք է իր կարծիքն ասեր: Գուցե նաև այդ հասունությունն էր պատճառը, որ սիրում էր շփվել իրենից ավելի մեծերի հետ: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ուներ»: Էդուարդը սովորել է Փոքր Վեդու՝ Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Արտաշատի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժին։ Լիանան ասում է՝ եղբայրը գերազանց չէր սովորում: «Իր սերն ու հետաքրքրությունն ուղղված էին մեքենաներին, ուզում էր դրանց վերանորոգման հարցում հմտանալ: Ինձ ու մայրիկին էլ միշտ ասում էր՝ քոլեջն ավարտելուց հետո սովորելու եմ «Սև շենքում»: Արդեն ծառայելու շրջանում որոշել էին, որ մի քանի ընկերներով պետք է գնան Ռուսաստան, միասին բիզնես հիմնելու գաղափար ունեին: Ասում էր՝ զորացրվեմ, մեկնելու եմ Ռուսաստան, զբաղվենք մեր գաղափարի իրագործմամբ, հետո արդեն կանցնեմ մնացյալ հարցերին»: Էդուարդի նպատակները շատ էին, բազմագույն, ու հետաքրքիր կյանքն առջևում էր: Էդուարդը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 11ին։

Ծառայել է Ճամբարակում, այնուհետև՝ Ջերմուկում։ Լիանան պատմում է՝ հայրիկը 1995 թ.-ին, երբ ժամկետային զինծառայող է եղել, Այգեպարում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: «Ընտանիքին նրա մահվան լուրն էին հասցրել: Բայց մինչև տատիկս ու պապիկս հասել էին հիվանդանոց, բժիշկների շնորհիվ հայրիկս, կարծես, վերակենդանացել էր: 2020 թ մարտի 10-ին, երբ դեռ պատերազմ չկար, հորեղբորս տղան՝ Զոհրաբ Սիանոսյանը, որը նոր-նոր անցել էր պայմանագրային զինծառայության, զոհվեց Երասխում: Թշնամին նրան նշանառության տակ էր վերցրել, գլխի շրջանում ստացած վիրավորումից միանգամից մահացել էր: Իր երկու դասընկերները զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Էդուարդն անասելի ծանր էր տանում նրանց մահը: 44-օրյա պատերազմում զոհվել է նաև մեր քեռու տղան՝ Նարեկ Սահակյանը: Էդուարդը ոչ մի արարողության չմասնակցեց, ասում էր՝ չեմ կարող այդ ամենը տեսնել: Հոգեբանորեն բավականին ծանր վիճակում էր: Իր ներսում վրեժ լուծելու միտքը կար: Անընդհատ ասում էր՝ իմացեք, եթե մի բան լինի, հետ չեմ գալու, մինչև վերջ կգնամ»: Լիանան նշում է՝ եղբոր ծառայությունը շատ լավ է անցել: «Վերջին արձակուրդին, երբ արդեն պետք է զորամաս վերադառնար, արագ-արագ հագնվում էր, մայրիկս ասաց՝ Էդո՛ ջան, ինչի՞ ես շտապում, պատասխանեց՝ մա՛մ ջան, շուտ հագնվեմ, գնամ տուն։ Մամաս արձագանքեց՝ քո տունը սա է: Եղբայրս էլ, թե. «Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան, մինչև զորացրվեմ ու գամ»: Որքան էլ տուն գար, միևնույնն է, իր ուշքն ու միտքն իր ծառայության վայրում էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Քույրիկը հիշում է՝ դրանից առաջ երեք ամիս դիրքերում է եղել եղբայրը:

«Շատ էր հոգնել, ասում էր՝ չեմ դիմանում: Շուտ էր իջել դիրքից, խնդիրներ էին առաջացել հրամանատարության հետ, և, որպես պատիժ, իրեն նորից դիրքեր էին բարձրացրել: Իրենց մեղադրում եմ. եթե այդ ժամանակ իրեն չուղարկեին դիրքեր, հիմա իմ եղբայրը կարող էր կողքիս լինել»: Սեպտեմբերի 12-ին է եղել Էդուարդի հետ վերջին զրույցը: «Այդ օրը մեռելոց էր, տարբեր տեղեր պիտի գնայինք: Իսկ եղբայրս էլ կարծես անընդհատ ուզենար մեզ հետ խոսել: Այդ օրը երեկոյան զանգի ժամանակ շատ տարբեր բաներ՝ ուտելիք և այլ իրեր ուզեց հայրիկիցս: Նա էլ ամեն ինչ գնել էր, որ առավոտյան շուտ ուղարկեր եղբորս: Բայց առավոտյան ամեն ինչ իրար խառնվեց: Սեպտեմբերի 12-ին ժամը 23:30-ին զանգել էր մեր հորեղբոր տղային: Նա Կարճաղբյուրում էր ծառայում, երկու ամսվա զինծառայող էր: Ասել էր՝ Գոքո՛ր, իրավիճակը խառն է, եթե պատերազմ լինի, հանկարծ չվախենաս, քեզ ձիգ կպահես: Նաև ընկերոջ հետ էր զրուցել:

Նա նոր էր զորացրվել, Ռուսաստանում էր: Ընկերն ասել է՝ Էդո՛, քեզ ձիգ կպահես, ուշադիր կլինես: Եղբայրս էլ արձագանքել է՝ չմտածես, քո ախպերն ուժեղ է, ոչ մի թուրք չի կարա ինձ խփի»: Էդուարդն իր 9 մարտական ընկերների հետ եղել է Ջերմուկի թիվ N մարտական դիրքում: Երդվել են՝ միասին մինչև վերջ մնալու են դիրքում, չեն նահանջելու: Տղաներն անհավասար մարտ են մղել մի քանի հարյուրի հասնող թշնամու զինուժի դեմ՝ չզիջելով իրենց դիրքը, չնահանջելով: «Իրենց դիրքի առջևով է ճանապարհը դեպի Ջերմուկ մտնում: Տղերքը քաջաբար կռվել են ու պահել Ջերմուկը։ Հրամանատարն ասում է՝ թե հիմա Ջերմուկն ունենք, այդ դիրքի տղերքին ենք պարտական, որ թույլ չեն տվել թշնամուն զինտեխնիկան քաղաք իջեցնի»: Տղաներն անմահացել են սեպտեմբերի 13-ին: Իսկ հետո ընտանիքը սկսում է Էդուարդին փնտրելու ճանապարհը: «16 օր իրեն ամեն տեղ փնտրել ենք: Երբ նա չզանգահարեց, ու մեր զանգերն անպատասխան մնացին, ես ու հայրիկս կարծես գիտակցեինք՝ եթե չի զանգում, ուրեմն չկա:

Մայրիկս սպասում էր, հույսը չէր կորցնում: Հետո սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ գտանք, որտեղ գերիներն էին: Նրանց մեջ մեկին նմանեցնում էին եղբորս: Այդ ժամանակ ծնողներս որոշեցին Կարմիր խաչին դիմել: Նույն օրը տուն վերադառնալիս հայրիկս մամայիս ասել էր՝ արի նաև անալիզ հանձնենք, որքան էլ մեզ համար դժվար է: Սեպտեմբերի 29-ին զանգ ենք ստացել, որ համընկնում կա: Հայրիկս ճանաչել էր եղբորս»: Ապրելու ուժի մասին: «Մինչև հիմա չեմ ընդունում իր չլինելը: Մոտ մեկ տարի շատ վատ հոգեվիճակում էի, չէի ուզում որևէ մեկին տեսնել, որևէ մեկի հետ խոսել: Հետո եկավ այն գիտակցումը, որ այսօր իմ ծնողների հույսն ու հավատը ես եմ: Ոտքի կանգնեցի, որովհետև տեսնում էի, որ հակառակ դեպքում ծնողներիս կկորցնեմ, իրենք անասելի կոտրված էին, իսկ իմ ընկճվածությունն իրենց ավելի վատ հոգեվիճակի մեջ էր դնում: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իրենք ուրախ լինեն: Վարորդական իրավունք ստացա, մագիստրատուրա ընդունվեցի ու գիտեմ, որ այս ամենն իրենց համար շատ կարևոր է, իրենց ուժ է տալիս»:

Հ. Գ. - Էդուարդ Սիանոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Հուղարկավորված է Փոքր Վեդու ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»