Բոլիվիայի նախկին նախագահը հայտարարել է, որ կրակել են իր մեքենայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը կիրակի հայտարարել է, որ կրակել են իր մեքենայի վրա, հայտնում է Reuters-ը։
Մորալեսը Facebook-ի իր կայքում տեսանյութ է հրապարակել շարժվող մեքենայի ներսից, որտեղ երևում է, որ նա նստած է առջևի ուղևորի նստատեղին, իսկ դիմապակու վրա առնվազն երկու փամփուշտի անցք կա:
Վարորդը, ըստ երևույթին, վիրավորվել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոլիվիայի Տարիխայի դեպարտամենտի դատախազությունը Էվո Մորալեսի կալանավորման թույլտվություն է պահանջում՝ անչափահասի նկատմամբ ոտնձգությունների և մարդկանց առևտրի գործով հարցաքննությանը չներկայանալու պատճառով։
2020 թվականին նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսի կառավարության օրոք արդարադատության նախարարությունը Մորալեսի նկատմամբ հետաքննություն է նախաձեռնել անչափահասի նկատմամբ ոտնձգություն գործադրելու կասկածանքով, սակայն այն չի ավարտվել: Անցյալ շաբաթ արդարադատության նախարար Սեզար Սիլեսը հայտարարեց, որ պետության նախկին ղեկավարը հետաքննվում է ոչ միայն ոտնձգությունների, այլև մարդկանց առևտրի կասկածանքով։ Գերատեսչության ղեկավարի խոսքով, Մորալեսը հարաբերությունների մեջ է մտել 15-ամյա աղջկա հետ, ինչի արդյունքում նա հղիացել է։ Նախկին նախագահն իրեն քաղաքական հետապնդումների զոհ է համարում։