COP29-ի մթնոլորտը դարձավ Ադրբեջանի՝ Արեւմուտքից Ռուսաստան վերակողմնորոշման հերթական վկայությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 22-ին Բաքվում ավարտվեց ՄԱԿ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ կոնֆերանսը, որը շարունակվեց մոտ երկու շաբաթ։ Ռուսաստանը գագաթաժողով էր ուղարկել հսկայական պատվիրակություն՝ 900 մարդ։ Լրագրող եւ սոցիալական անթրոպոլոգ Ռասմուս Քանբեկը The Insider-ի խնդրանքով վերլուծել է պատվիրակության կազմը եւ քննարկվող թեմաները եւ եկել այն եզրակացության, որ Ռուսաստանն Ադրբեջանի ակտիվ աջակցությամբ օգտագործել է կոնֆերանսը գազային եւ նավթային համագործակցության քննարկման համար՝ պատժամիջոցները շրջանցելու եւ դրանց հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով։ Բացի այդ, COP29-ի մթնոլորտը դարձավ Արեւմուտքից Մոսկվա Ադրբեջանի վերակողմնորոշման հերթական վկայությունը։
COP29-ի իր ներածական խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ հանածո վառելիքը «աստծո պարգեւ» է։ Այնուհետեւ իր ելույթում նա քննադատել է Արեւմուտքին երկակի չափորոշիչների համար՝ ընդգծելով, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հենց Արեւմուտքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով գազ գնել, ոչ թե հակառակը։
Politico-ի լրագրողները ներածական ելույթի տոնն անվանել են ինքնատիպ. հազվադեպ է, երբ ընդունող երկիրը այդքան վիրավորական դիրքորոշում է զբաղեցնում հրավիրյալ մասնակիցների հանդեպ։ COP29-ի սկսվելուց մի քանի օր անց Ֆրանսիան հետ կանչեց իր գլխավոր ներկայացուցչին՝ կլիմայի նախարար Անյես Պանյե-Ռյունաշեին, ի նշան բողոքի այն մեղադրանքների դեմ, որոնք Ալիեւի կողմից հնչեցվել են անդրծովյան տարածքներում միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։
Մինչ արեւմտյան մամուլը լայնորեն լուսաբանում էր քաղաքական վեճը գագաթաժողովի շուրջ, ադրբեջանական եւ ռուսական լրատվամիջոցներում այդ թեման շատ ավելի քիչ է արծարծվել։ Ռուսաստանի պատվիրակությունը, որը բաղկացած էր 900 մասնակցից, թվաքանակով երրորդն էր ընդունեղ երկրի՝ Ադրբեջանի եւ Բրազիլիայի պատվիրակություններից հետո, որտեղ տեղի է ունենալու հաջորդ կլիմայական գագաթաժողովը։ 2023թ. գագաթաժողովի համեմատ՝ ռուսական պատվիրակությունն ավելացել էր գրեթե կրկնակի, ինչը հարց է առաջացնում Մոսկվայի իրական նպատակների մասին այս միջոցառմանը։
Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը որպես COP29 ընդունող երկրի։ Երբ անցած տարի COP28-ում (ԱՄԷ) որոշում էին, թե որտեղ է տեղի ունենալու հաջորդ գագաթաժողովը, հենց Ռուսաստանը պայմաններ թելադրեց։ Կլիմայական կոնֆերանսների փոխատեղման ժամանակացույցի համաձայն՝ եկել էրԱրեւելյան Եվրոպայի հերթը, բայց Ռուսաստանը արգելափակեց բոլոր երկրների թեկնածությունը, որոնք դատապարտել էին նրա ներխուժումն Ուկրաինա։ Բուլղարիան, Մոլդովան եւ Սլովենիան թեկնածուների մեջ էին, որոնց բացառեցին այդ պատճառով։ Արդյունքում՝ մնացին միայն միմյանց հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք արգելափակեցին մեկը մյուսին։ Վերջին պահին Հայաստանը համաձայնեց հանել վետոն 32 ռազմագերիների փոխանակման դիմաց, որոնց պահում էր Ադրբեջանը։
Լինելով Մոսկվայի մերձավոր դաշնակիցը՝ Բաքուն կազմակերպեց իր համար կատարյալ կլիմայական գագաթաժողով։ Ի հավելումն պատվիրակության 900 անդամների՝ Ադրբեջանն իր անունից հրավիրեց եւս մոտ 25 բարձրաստիճան ռուսաստանցի քաղաքական գործիչների, գործարարների եւ լրագրողների։ Մասնակիցների ցուցակների՝ The Insider-ի իրականացրած վերլուծությունը ենթադրում է, որ Ռուսաստանի նպատակները COP29-ում կենտրոնացած էին ոչ այնքան ածխածնի զրոյական արտանետումների, որքան ածխաջրածինների վաճառքի վրա։
Քննադատելով Արեւմուտքին COP29-ում՝ ընդունող կողմը իրեն միանգամայն այլ կերպ էր պահում Ռուսաստանի հանդեպ։ Ամենօրյա լրատվական թողարկումներն ընդգծում էին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դրական հարաբերությունները, ներառյալ մանրամասն հարցազրույցները ռուսաստանցի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում, եւ հոդվածները, որոնք գովաբանում էին Ռուսաստանի ներգրավվածությունն Ադրբեջանի գործերում։ Միեւնույն ժամանակ, կլիմայական իրավապաշտպան խմբերից Ռուսաստանն ստացավ շատ ավելի քիչ շոյիչ «պարգեւներ, օրինակ՝ «Օրվա հանածո» (Fossil of the Day) կոչումը Climate Action Network միավորումից։
COP29-ի հարթակում տեղի ունեցան նաեւ բարձրամակարդակ մի քանի հանդիպումներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին խորհրդարանական հանդիպման եւ հեռախոսազրույցի մասին Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Բացի այդ, Ալիեւը հանդիպեց Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի եւ Դումայի ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկու հետ։
Լավ հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվել էին COP29-ից դեռ շատ առաջ։ 2022թ. փետրվարին, Ուկրաինա ռուսական բանակի ներխուժումից ընդամենը երկու օր առաջ, Ադրբեջանը եւ Ռուսաստանը ստորագրեցին դաշնակցային համաձայնագիր, որը ներառում է դրույթ «խորացված համագործակցության մասին վառելիքաէներգետիկ հատվածում»։ Այդ համագործակցությունը մշտական թեմա է դարձել քննարկման համար՝ շարունակելով COP29-ը։
Գագաթաժողովից երկու ամիս առաջ Ալիեւը հայտարարեց, որ COP29-ը հարթակ կծառայի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագրերի կնքման համար, որոնք կվերաբերեն ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությանը։ Այդ համաձանագրերից մեկը վերաբերվում է ռուսական գազի տարանցմանն Ուկրաինայով. ընթացիկ պայմանագրի գործողության ժամկետը սպառվում է 2024թ. դեկտեմբերի 31-ին։ Այդ երթուղով այժմ անցնում է ԵՄ մատակարարվող գազի մոտ 5 տոկոսը։
Բաքվի միջնորդական փորձերը ըստ երեւույթին տապալվել են. Ուկրաինան քանիցս հայտարարել է, որ կդադարեցնի ռուսական գազի տարանցումը տարեվերջին, եւ նրա դիրքորոշումը չի փոխվել։ Սակայն «Գազպրոմի» ներկայությունը COP29-ում վկայում է ԵՄ-ի հետ բանակցությունների շարունակման մասին։ The Telegraph-ի տվյալներով՝ Ադրբեջանը քննարկում է «փոխանակման գոծարքը» ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ։ Դրան նախորդել է օգոստոսյան համաձայնագիրը SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերության եւ «Գազպրոմի» միջեւ համագործակցության վերականգնման մասին։
Հիշատակված «փոխանակման գործարքը» ենթադրում է, որ ռուսական գազը կվերանվանվի ադրբեջանականի եւ դա թույլ կտա ներմուծողներին շարունակել գնել այն, միայն արդեն Ուկրաինայի փոխարեն Ադրբեջանի միջոցով։ Իհարկե, Հարավային գազատրանսպորտային միջանցքի թողունակությունը կհանգեցնի ռուսական գազի արտահանաման ծավալների կրճատման։
Արդեն կան ադրբեջանական խողովակաշարերով ռուսական գազի մղման ապացույցներ։ Eurasianet-ի տվյալներով՝ Ադրբեջանն ավելացրել է ռուսական գազի ներմուծումը, որպեսզի կատարի արտահանման քվոտաները, որոնք սահմանվել են ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրերում։ Ավելին, տարեսկզբին SOCAR-ը փոխարինել է ամերիկյան բանկերի պարտքերը ռուսական «Լուկօյլ» ընկերության պարտքերով, որն արդեն տիրապետում է Ադրբեջանի ամենամեծ գազային հանքավայրի՝ Շահ Դենիզի արժեթղթերի 20 տոկոսին։ SOCAR-ը փակել է Citi и JP Morgan-ի 1,5 մլրդ դոլարի սինդիկատացված վարկը եւ նույքան փող վերցրել է «Լուկօյլից»։
Մասնակիցների ցուցակի վերլուծությունը ցույց է տալիս, որ COP29-ում Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունում «Գազպրոմի» 26 ներկայացուցիչ էր ընդգրկված, ներառյալ մի քանի թոփ-մենեջերներ եւ «Գազպրոմբանկի» փոխնախագահը։ 12 մարդ ներկայացնում էր «Լուկօյլը», ներառյալ երկու փոխնախագահները։ Բացի այդ, պաշտոնական պատվիրակության եւս 42 անդամ աշխատում է Ռուսաստանի հանածո վառելիքի հատվածում։
Պաշտոնական պատվիրակությունից բացի, ներկա էին նաեւ բազմաթիվ ներդրողներ, Ադրբեջանը հրավիրել էր տասնյակից ավելի մարդ ռուսական պետական ներդրումային ընկերություններից, ներառյալ Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդը, որը ղեկավարում է ՌԴ վարչապետը։ Ֆոնդը գտնվում է արեւմտյան պատժամիջոցների տակ եւ զգալի ներդրումներ ունի հանածո վառելիքի հատվածում։
Չնայած COP29-ի այս մասնակիցները չէին ներառված Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության կազմում, նրանց գլխավորում էր Վլադիմիր Պուտինի միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։ Ադրբեջանական լրատվամիջոցներում նա դրվատական խոսք է ասել Ադրբեջանի նախագահի ասածների մասին, թե հանածո վառելիքը «աստծո պարգեւ» է։
COP29-ի ժամանակ Ռուսաստանը նաեւ բանակցություններ է վարել Ղազախստանի եւ Չինաստանի հետ՝ Կենտրոնական Ասիայով անցնող գազատարների ընդլայնման վերաբերյալ։ Այդ նախագիծը, որը մշակվելու է «Գազպրոմի» հետ գործընկերությամբ, դիտարկվում է որպես եկամուտները փոխհատուցելու միջոց, որոնք չեն ստացվել ԵՄ արտահանման կրճատման պատճառով։
Ռուսական պաշտոնական պատվիրակությունը կենտրոնացել էր կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցների, Ադրբեջանի համագործակցության եւ այն երկրների քննադատության վրա, որոնք չեն կարողանում լուծել շրջակա միջավայրի պաշտպանության հարցը։ Բայց ելնելով պատվիրակության կազմից՝ Ռուսաստանը զգալի ռեսուրսներ էր ծախսել, որպեսզի ապահովի իր նավթային լոբբիստների աշխատանքը COP29-ի կուլիսներում։
Միակ պաշտոնական միջոցառումը, որը կազմակերպել է Ռուսաստանը COP29-ի շրջանակում, կոչվում էր «Ռուսաստանի ներդրումը գլոբալ մակարդակով պարենային անվտանգության ամրապնդման գործում»։ Մասնակցել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մամեդովը։ Ռուսական տաղավարում տեսանելի տեղում ցուցադրվում էր ցորենի դաշտ, որը Ռուսաստանը ներկայացնում էր որպես պարենի հուսալի մատակարարի զարգացող երկրների համար։ Դա կարելի է գնահատել նաեւ որպես ակնարկ Ուկրաինային, որի ցորենի արտահանումը խափանվել է ռուսական ներխուժման պատճառով, ինչն իր հերթին հանգեցրել է ճգնաժամի զարգացող երկրների պարենային անվտանգության ոլորտում։
COP29-ում Ռուսաստանի համար կարեւոր թեմաներից մեկն էր «ածխածնի վաճառքը»։ Մոսկվան եւ Բաքուն ստորագրել են համաձայնագիր Ադրբեջանում պիլոտային օբյեկտի ստեղծման մասին, որն զբաղվելու է ռուսական ածխածնային թափոնների մշակմամբ։ Insider-ի հետ զրույցում Վիտալի Սերվետնիկը (ռուսական Environmental Crisis Group կլիմայական կազմակերպության ներկայացուցիչ) ընդգծել է զգալի տարբերությունը Ռուսաստանի հրապարակային հայտարարությունների եւ իրական գործողությունների միջեւ։ Բնապահպանը ենթադրում է, որ չնայած ածխածնի արտանետումների վաճառքի սխեմաները առաջ են մղվում որպես կլիմայական խնդիրների լուծում, իրականում դրանք կարող են խափանել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը. «Ինչպես եւ այլ երկրները, Ռուսաստանը փորձում է կրճատել ցանկացած իրական գործողություն կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում կամ լիովին խուսափել դրանցից։ Ռուսաստանը միայն հայտարարում է, որ հավատարիմ է կլիմայական ճգնաժամի լուծմանը, իսկ իրականում պլանավորում է ապագայում արտանետել էլ ավելի շատ CO2 եւ, իհարկե, դրանից շահ ստանալ»։
Սերվետնիկը նշել է, որ Environmental Crisis Group-ը դատի է տվել ՌԴ կառավարությանը կլիմայական նպատակների չիրականացման համար։ Նա նաեւ կարծում է, որ Ռուսաստանի կլիմայական քաղաքականությունն առաջին հերթին ծառայում է նրա վարչակարգի ամրապնդմանը։ «Ռուսաստանի ներկայիս ռեժիմին չի հետաքրքրում արդար ապագան մարդկանց կամ մոլորակի համար, այլ միայն սեփական իշխանության եւ տիրապետության պահպանումը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy