Պինդ մնա ընկեր, դու ուժեղ ես․ այսօր Դավիթ Իշխանյանի տարեդարձն է, իսկ նա Բաքվի բանտում է
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Ամոթն ու ազգային արժանապատվությունը Հայաստանում վաղուց կորցրել են իրենց ակտուալությունը»,- MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանի ծննդյան տարեդարձին՝ ասաց Իշխանյանի մտերիմ, կուսակցական ընկեր Լենա Բաբայանը։
«Հայաստանից ես կարող եմ միայն քաջալերանքի խոսք ասել նրան, առանց շնորհավորելու տարեդարձը։ Սա ի՞նչ համազգային անզորություն է։ Մարդ չգիտի՝ ի՞նչ անուն դնի էս համատարած խայտառակությանը։ Դավիթն ազգանվեր հայ է, ազնիվ տեսակ է, ու վստահ եմ՝ մղձավանջը կավարտվի, կգա, ու կգան բոլորը։ Պինդ մնա ընկեր, դու ուժեղ ես»,- ասաց նա։
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտում է հայտնվել նախորդ տարի Արցախի հայաթափումից հետո՝ հոկտեմբերի 3-ին։ Արդեն 1 տարի 3 ամիս է, նա և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ապօրինաբար պահվում են Բաքվում։ Դատ դեռևս տեղի չի ունեցել։
«Մենք կարող ենք մեղադրել բոլոր նրանց, ովքեր թաթախված են եղել տարբեր կոռուպցիոն գործողություններում, ովքեր Արցախի հարցում թերացել են, շրջափակման ժամանակ յուրայինների մասին են մտածել և այլն․․․ բայց հիմա, երբ մեր հայրենակիցները թշնամու ձեռքում են ու մեր պետությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու ուղղությամբ, ուզում եմ միայն ամոթից գետինը մտնել նրանց փոխարեն։ Մանավանդ, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում հայտնվել են Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ»,- հավելեց Լենա Բաբայանը։
Հունան Թադևոսյան