Հայ շախմատիստները հաղթել են Իրանի մրցաշարի երեք տուրերում
ՍՊՈՐՏԻրանի Մաշհադ քաղաքում մեկնարկել է Ֆիրդուսու անվան շախմատի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, մրցաշարին Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը արդեն խաղացել են երեքական տուր: Մեր երկու շախմատիստներն էլ իրենց բոլոր հանդիպումները ավարտել են հաղթանակով: Երրորդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ուժեղ է գտնվել Իրանը ներկայացնող Սիավոշ Վոժդանուց, իսկ Կարեն Գրիգորյանը՝ կրկին իրանցի՝ Մեհդի Ղոլամիից:
Հայ շախմատիստները վաստակել են 3-ական միավոր եւ մի շարք մասնակիցների հետ շարունակում են պայքարել առաջին տեղի համար:
Իրանի մրցաշարին մասնակցում են 12 երկրից 200 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստերներ են, 5-ը՝ միջազգային կարգի վարպետներ:
Կարեն Գրիգորյանը մրցաշարում վարկանիշով 3-րդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 5-րդը: