Երևանն ավելի թանկ է, քան Մոսկվան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀՀ գործող իշխանությունները վերջին տարիներին սիրում են մեջբերել Numbeo-ի տարատեսակ վարկանիշներ, որտեղ Հայաստանն ու Երևանն առաջատար դիրքերում են անվտանգության առումով։ Ընդ որում, ոչ պրոֆեսիոնալ այդ վարկանիշը կառավարության նիստում բարձրաձայնել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ գլուխ գովալով։
Անվտանգ լինելու հանգամանքը, ի դեպ, ամենևին էլ նրա շնորհքը չէ, անկախության տարիներին Հայաստանը միշտ էլ, փառք Աստծո, ավելի անվտանգ ապրելու տեղ է եղել, քան տարածաշրջանի այլ երկրներ։
Նույն Numbeo-ի մեկ այլ վարկանիշ հաստատապես չի հայտնվելու իշխանական լրատվամիջոցներում, Փաշինյանն էլ այդ մասին չի խոսի իր եթերներում կամ նիստերին։ Կյանքի արժեքի և որակի աշխարհի ամենամեծ բազայի տվյալներով, Երևանն ապրելու արժեքի ինդեքսով գերազանցում է Թբիլիսիին, Բաքվին, անգամ՝ Մոսկվային։ Թանկ քաղաքների վարկանիշում Երևանը զբաղեցրել է 179-րդ հորիզոնականը 327-ից։ Թբիլիսին 222-րդն է, Բաքուն՝ 256-րդը, Մոսկվան՝ 210-րդը։
Տարածաշրջանի մայրաքաղաքներից կյանքի արժեքով Երևանին մոտ է միայն Ստամբուլը։ Ուստի բնավ պետք չէ զարմանալ, որ ռելոկանտները նախընտրում են հեռանալ Հայաստանից, հանգրվանել այլ քաղաքներում։
Նաիրա Գրիգորյան