Ադրբեջանի հակառուսական քաղաքականությունը նոր հորիզոններ է նվաճում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային պայմանագրի ստորագրումից երեք տարի անց պաշտոնական Բաքուն հերթական հակառուսական քայլն է կատարել։ Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի ներկայացուցչությունը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, դադարեցրել է իր գործունեությունը։ «Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» (Սպուտնիկ) ներկայացուցչության գործունեությունը դադարեցվել է», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պաշտոնյան հայտնել է, որ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Նախորդ շաբաթ Բաքվում փակվել է BBC News-ի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ հանրապետությունում հավատարմագրվելու է լրատվամիջոցի միայն մեկ թղթակից։
Ադրբեջանի այս քայլը Ռուսաստանում առայժմ չեն մեկնաբանում, սակայն դժգոհությունը զգացվում է։ Հայաստանում, որին Մոսկվան մեղադրում է հակառուսական քաղաքականություն վարելու մեջ, «Սպուտնիկ Արմենիան» ոչ միայն գործում է մեծ կազմով, այլև բավական ազդեցիկ լրատվամիջոց է։ Այլ ռուսական ԶԼՄ-ներ ևս գործում են, իսկ հանրային մուլտիպլեքսում ռուսական երեք հեռուստաընկերություն կա։ Ու Փաշինյանի իշխանությունը թեպետ պարբերաբար դժգոհում է ռուսական ԶԼՄ-ներից, բայց գործուն քայլեր չի արել դրանց փակման ուղղությամբ։
Արդյո՞ք Ռուսաստանը կոշտ միջոցներով կպատասխանի Բաքվի այս սադրանքին։ Թերևս՝ ոչ։ Փոխարենը մշտապես կոշտ են արձագանքում Երևանի քայլերին։ Ինչը, հանուն արդարության, այնքան էլ օբյեկտիվ չէ։
Կարինե Ղուկասյան