Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»․ Միրզոյանը Դելիում մեջբերել է Գանդիին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA). 

«Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային երկխոսությանը: Շնորհակալ եմ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելու այս հնարավորության համար, այն ժամանակ, երբ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը։

Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Ընդամենը 4 տարի անց մենք ստորագրեցինք մեր երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագիրը, և այս տարի մենք արդեն նշում ենք այս կարևոր փաստաթղթի 30-ամյակը: Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ:

Իհարկե, մեր ժողովուրդների միջև շփումները շատ ավելի հեռուն են ձգվում, քան վերջին 34 տարիները: Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը որպես մտերիմ գործընկեր՝ մի ժողովուրդ, որի հետ մենք կիսում ենք խորը քաղաքակրթական կապեր և բարեկամական հարաբերությունների երկար պատմություն:

Պատմականորեն մեր ժողովուրդները փոխկապակցված են եղել դեռևս մինչև ժամանակակից ազգային պետությունների ձևավորումը։ Արդի ժամանակաշրջանի մեկնարկին հայ վաճառականները Հնդկաստանում միջսահմանային առևտրի և մշակութային փոխանակումների առաջամարտիկներն էին: Ուշագրավ է, որ սահմանադրական գաղափարներն ընկած են մեր դարավոր բարեկամության հիմքում։ 1773 թվականին Հնդկաստանում հայ մտավորականները կազմեցին «Որոգայթ Փառացը»՝ մեր առաջին սահմանադրությունը, իսկ 1794 թվականին Մադրասում հայ հոգևորականը հրատարակեց «Ազդարարը»՝ աշխարհում առաջին հայերեն պարբերականը։ Այս նախաձեռնությունները դարձան  մեր ժողովուրդների միջև լուսավորական գաղափարների փոխանակման յուրահատուկ կամուրջ։

Մշակութային ժառանգության և բազմազանության պահպանումը շարունակում է կենտրոնական դեր խաղալ մեր երկու ժողովուրդների համար: Այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, ինչպես նաև Հնդկաստանի տարբեր վայրերում պահպանված պատմական եկեղեցիներն ու հուշարձանները, կենդանի վկայություններ են հնդկական հողի վրա հայ համայնքների դարավոր ներկայության մասին։ Դրանց պահպանումը Հնդկաստանի կառավարության հովանավորության ներքո ոչ միայն ընդգծում է մեր փոխադարձ հարգանքն, այլև օրինակ է հանդիսանում մեր ընդհանուր հանձնառության՝ պահպանելու մշակութային ինքնությունը հաջորդ սերունդների համար:

Ես նաև կցանկանայի ընդգծել Աջանտայի որմնանկարների յուրօրինակ վերարտադրությունները, կատարված հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից, ով անգնահատելի ներդրում է ունեցել հնագույն հնդկական արվեստը ժամանակակից աշխարհի համար վերահայտնաբերելու գործում: Ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող այս աշխատանքները ներկայացնում են մեր ժողովուրդների միջև դարավոր մշակութային և հոգևոր կապը և հիշեցնում են մեզ, որ արվեստն ու մշակույթը դիվանագիտության իսկական կամուրջներն են:

Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ: Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից: Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ: Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ:

Մեր համագործակցությունը և ակտիվ քաղաքական երկխոսությունը զգալիորեն զարգացել են փոխայցելությունների և տարբեր համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և Միջկառավարական հանձնաժողովի նիստերի միջոցով։

Մեր երկկողմանի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվում է։ Մենք ողջունում ենք մեր պաշտպանության նախարարությունների միջև կայացած առաջին խորհրդակցությունները և համոզված ենք, որ ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակումը կարևոր քայլ է այս կենսական ոլորտում խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ:

Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին: Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա: Այս ձգտումը դարձավ Երևանում կայացած Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի քննարկումների առանցքը, և որպես հայկական կողմի համանախագահող՝ ես հանձնառու եմ առաջնահերթություն տալ այս գործունեությանը՝ խթանելով ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ուժեղացնելով բիզնեսից-կառավարություն (B2G) և բիզնեսից-բիզնես (B2B) փոխգործակցությունները: Կարծում եմ, որ մեր փորձագիտական համայնքները կարող են նպաստել այս ջանքերին՝ ավելի խորաթափանց վերլուծություններով և առաջարկություններով, որոնք կարող են ավելի մոտեցնել մեր գործարար շրջանակներին:

Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար: Փոխկապակցվածության ընդլայնումը առանցքային նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար: Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ: Այս առումով, Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը և գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ:

Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում: Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ։

  • Զբոսաշրջությունը համագործակցության կարևոր ոլորտ է, որը ոչ միայն տնտեսական օգուտներ է բերում, այլև նպաստում է շարժունակությանը և մարդկանց միջև շփումներին՝ խթանելով փոխըմբռնումը: Մենք ակտիվորեն աշխատում ենք Երևանի և Դելիի միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ:
  • Կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում՝ համատեղելով հայկական ներուժն ու հնդկական փորձը։ 2024 թվականին Հայաստանը միացավ Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին, ինչը նոր հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար։
  • Թվային փոխակերպման ոլորտում 2023 թվականին Հայաստանը և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ բնակչության մասշտաբով թվային լուծումների փոխանակման վերաբերյալ։ Այս այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթ բժշկական արտադրանքի կարգավորման ոլորտում համագործակցության մասին։

Ինչպես տեսնում եք, այս բոլոր ուղղություններով ընթացող քննարկումները վերածվում են գործնական համաձայնությունները և  մեր կառավարությունների և գործարար համայնքների համար նոր հնարավորությունների: Ականատես կլինեք հավելյալ փաստաթղթերի ստորագրմանը նախարար Ջայշանքարի հետ այսօրվա հանդիպումից հետո։

Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Մենք երկուսս էլ հանձնառու ենք միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին՝ միաժամանակ կիսելով այն տեսակետը, որ ՄԱԿ-ի բարեփոխումն անհրաժեշտ է՝ ընդլայնման, աշխատանքային մեթոդների բարելավման և կանխարգելման ու վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդման միջոցով՝ բարձրացնելու զարգացող գլոբալ մարտահրավերների լուծման գործում արդյունավետությունը, ներկայացուցչականությունը և լեգիտիմությունը:

Մեր գործընկերության մարդասիրական ուղղությունը, որն ընդգրկում է կրթական և մշակութային ասպեկտներն, առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Մոտավորապես 3,000 հնդիկ ուսանող սովորում է Հայաստանում, հիմնականում բժշկական մասնագիտացումներով, և մենք ուսումնասիրում ենք ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և զարգացման հնարավորությունները:

Մենք հաջողությամբ զարգացրել ենք ակադեմիական համագործակցությունը հեղինակավոր վերլուծական կենտրոնների հետ՝ ներառյալ «Դիտորդ հետազոտական հիմնադրամը» (Observer Research Foundation), «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամը (Vivekananda International Foundation) և «Ուսանաս» հիմնադրամը (Usanas Foundation): Այնպիսի հարթակներ, ինչպիսին է «Ռաիսինա երկխոսությունը», որտեղ Հայաստանը պարբերաբար և ընդլայնված կազմով մասնակցություն է ունենում, արժեքավոր հնարավորություններ են ընձեռում մեր գործընկերների հետ փոխգործակցությունն ամրապնդելու համար: Փոխադարձաբար, ԴՀՀ-ն (ORF), ինչպես նաև Հնդկաստանի պաշտոնյաներն ու փորձագիտական շրջանակներն, ակտիվորեն մասնակցել են մեր նախաձեռնությանն՝ անցյալ տարի մեկնարկած «Երևանյան երկխոսությանը»: Սրտանց հրավիրում եմ ձեզ միանալ և հետևել այս տարվա միջոցառմանը, որը նախատեսված է մայիսի 26-27-ին:

Տարածաշրջանային հարաբերություններ, Հայաստանի տեսլականը խաղաղության և գործընկերության վերաբերյալ

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք ապրում ենք շարունակաբար բարդացող աշխարհում։ Միջազգային հանրությունը բախվում է փոխկապակցված մարտահրավերների, երբ մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մյուսներում: Հակամարտություններն, անվտանգության սպառնալիքները, մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամերի լուրջ խախտումները, գլոբալ անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մատակարարման շղթաների խաթարումը և պարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ են ստեղծում միջազգային հարաբերություններում:

Ցավոք, Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների: Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց: Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:

Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։

Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։

Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։

Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։

Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանձ ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին  պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։

Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն:

Սիրելի՛ ընկերներ,

Գիտակցելով առևտրային և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին, ապա ցանկանում եմ ընդգծել մեր բարեկամական և սերտ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ։ 2023 թվականին մենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մակարդակի՝ պաշտոնականացնելով այն, ինչ իրականում միշտ եղել է ռազմավարական համագործակցություն բոլոր ոլորտներում։ Իրանի հետ մենք շարունակաբար զարգացնում ենք երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բնական շահերի վրա։

Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսությունը և զարգացնում հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ։ 2024 թվականի ապրիլի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հայտարարությունը։ Անցյալ տարի նաև տեղի ունեցավ մեր ռազմավարական երկխոսության հերթական նիստը ԱՄՆ-ի հետ, որն ավարտվեց երկու ամիս առաջ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգի ընդլայնմանը և բազմաշերտ համագործակցության խորացմանը։ Ներկայումս մենք բանակցում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Երբ այս հավակնոտ գործընկերային առաջնահերթությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին մոտեցնելու ճանապարհին՝ համահունչ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նպաստել է սահմանային շրջաններում կայունության պահպանմանը և իրավիճակի սրման ռիսկերի հասցեագրմանը։

Մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի հետ առևտրի աճի գրանցման հարցում։ Մենք ձեռնարկում ենք քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ։

Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումը