Ադրբեջանի զինուժում գրանցված զոհը ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք է. ՀՀ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը փետրվարի 4-ին հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է: Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին:
Եվս մեկ անգամ շեշտում ենք ԼՂ հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետևանքով հնարավոր միջադեպերի նվազեցման և կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:



