Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
ՍՊՈՐՏՀարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, քանի որ չի ստացել Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի աջակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել էր պաշտպանել Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շ եյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը եւ խնդրել էր Սեկսվալեին հանել թեկնածությունը: Սեկսվալեն հայտարարել է, որ ցավում է Աֆրիկայի աջակցությունը չստանալու համար եւ հանել է թեկնածությունը:
Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները հայտարարել էին, որ կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: Այս թեկնածուին սատարելու որոշում էր կայացրել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաեւ Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը: