Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արմանս ինձ ասում էր՝ մա՛մ ջան, օրով ապրի ու պարզ ճակատով, հիմա նա է ինձ ուժ տվողը և, իհարկե, իմ ընտանիքը». Արման Պետրոսյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին, տուն «վերադարձել» 80 օր անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմանը շատ աշխույժ երեխա է եղել։ Տանն աշխույժ էր, դրսում՝ համեստ ու զուսպ։ Իր աշխուժության, ճարպկության շնորհիվ իրեն բոլորը «Ճուտո» էին կոչում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արմանի մայրիկը։ Հինգ տարեկանից Արմանը հաճախել է Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոց։ «Իր աշխուժությունն առիթ հանդիսացավ, որ պապիկն իրեն այդ դպրոց տանի։ Տարիքի համեմատ մարմնով փոքր էր, բայց բոլոր առաջադրանքներն այնքան լավ էր կատարում։ Իրեն այնտեղ շատ էին սիրում։ Երբ սկսեց դպրոց հաճախել, դժվար էր նաև մարմնամարզության հաճախելը։ Դուրս եկավ մարզադպրոցից։ Իսկ դպրոցում արդեն կարատեի խմբակ կար, սկսեց այնտեղ հաճախել ։ Մինչև հինգերորդ դասարանը գերազանց է սովորել։ Անգամ որպես լավագույն աշակերտ իր նկարը փակցրել էին դպրոցում։ Ընդունակ էր շատ, ուղղակի ինչ-որ պահի առաջադիմությունը թուլացավ։ Սիրում էր մաթեմատիկան, հայոց լեզուն և գրականությունը, պատմություն և օրենսդրություն էր շատ ուսումնասիրում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ նաև կարատեի բազմաթիվ մրցումների է մասնակցել, մրցանակային տեղեր զբաղեցրել»։ Մայրիկի խոսքով, որդին հետաքրքրասեր էր իր տեսակով։ Կարատեի է հաճախել, եռամարտի։ «Բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր ունի»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արմանն ընդունվել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի խոհարարական բաժինը։ Տիկին Կարինեն ասում է՝ որդին սիրված ու գնահատված է եղել ամենուր. «Ընկերներին էր շատ նվիրված, միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին»։

2016-2018 թվականներին Արմանը ժամկետային զինծառայության է անցել Քարվաճառում։ «Քառօրյա պատերազմի ժամանակ իրենք Զոդի զորամասում էին՝ ուսումնական նպատակներով։ Բայց առավոտյան զանգահարեց, որ վերադառնում են Քարվաճառ, պատերազմ է։ Ամենաթեժ գծում չեն եղել, բայց վտանգավոր հատվածում էին և միանգամից դիրքեր էին բարձրացել։ Ծառայությունը շատ էր սիրել, Քարվաճառը շատ էր հավանում։ Լավ ընկերներ էր ձեռք բերել, հրամանատարի մասին հարգանքով էր խոսում»։

Բանակից վերադառնալուց հետո Արմանը հայտնում է մայրիկին իր որոշման մասին։ «Ասեմ, որ Արմանը կարգ ու կանոն էր սիրում, օրենքով պետք է լիներ ամեն ինչ, բայց նախ և առաջ սիրում էր մարդկանց պաշտպանել։ Սկզբում աշխատանքի ընդունվեց «Արմոբիլ» անվտանգության ծառայությունում, այնուհետև գործերը տվեց Ոստիկանության ակադեմիա»։ Արմանը պայմանագրային զինվորական ծառայության է անցել Ներքին զորքերի ոստիկանության N զորամասում: «Երեք ամիսը մեկ դիրքեր էին բարձրանում։ Հսկում էին Տավուշի մարզի սահմանապահ դիրքերը: Նրա նպատակն իր հողը, իր երկիրը պաշտպանելն էր։ Ոստիկանի համազգեստի, իր աշխատանքի հանդեպ մի այլ տեսակի նվիրվածություն ուներ։ Ոստիկանությունում ծառայելու ընթացքում Հայաստանում մասնակցեց եռամարտի մրցումներին, նվաճեց առաջին տեղը։ Դրա շնորհիվ 2019 թվականին Ուկրաինայի Լուցկ քաղաքում մասնակցեց Եռամարտի աշխարհի առաջնությանը՝ կրկին գրավելով առաջին հորիզոնականը»։ Երբ Հայաստանում սկսում է գործել Ոստիկանության պարեկային ծառայությունը, Արմանը որոշում է իր ուժերն այնտեղ փորձել։ «2020 թվականն էր, քննություններն էր հանձնում, հոկտեմբերի 3-ին վերջին քննությունն էր։ Պատերազմի օրերին իր տեղը չէր գտնում, բայց ասում էր՝ պետք է քննությունս հանձնեմ, որ վստահ լինեմ՝ հետ գամ, աշխատանք եմ ունենալու։ Հոկտեմբերի 3-ին քննությունը հանձնեց ու ասաց՝ կարող եմ գնալ, մա՛մ ջան։ Մինչ քննությունը հանձնելը Ոստիկանության ակադեմիայից իր զինգրքույկը վերցրել էր, փոխանցել մեր զինկոմիսարիատին, որ այնտեղ չմտածեն, թե նա խուսափում է պատերազմ մեկնելուց»։

Տիկին Կարինեն ասում է՝ որդին կապ էր պահպանում դեռ ժամկետային զինծառայության ժամանակ ձեռք բերած ընկերների, հրամանատարի հետ։ «Երբ պատերազմն սկսվեց, ինձ ասաց. «Մա՛մ ջան, ես տանը նստած եմ, 18 տարեկան տղաները պատերազմի մեջ են, այսպես ո՞նց կլինի»։ Իր տեղը չէր գտնում, սպասում էր քննությանը, բայց այդ ընթացքում էլ սնունդ էր տանում այն կետերը, որտեղ այն հավաքագրում էին, վիրավորներին էր այցի գնում։ Սեպտեմբերի 30- ին իրեն կանչեցին, բայց չտարան։ Պայուսակը՝ պատրաստ, քանի որ դիրքեր էր պահել, գիտեր, թե ինչ է պետք գալու, գնացել էր։ Հոկտեմբերի 4-ին նորից զանգահարեցին, պատրաստակամ գնաց, բայց կրկին չտարան։ Հետաքրքիր մի զուգադիպություն կա. սեպտեմբերի 30-ին հայրիկի ծննդյան օրն է, հոկտեմբերի 4-ին՝ եղբոր։ Երբ երկրորդ անգամ էլ չտարան, Արմանս ասաց՝ ես էլ տանից դուրս չեմ գալու, ամաչում եմ։ Իրեն ասում էի՝ կարևորն այն է, որ դու չես խուսափում գնալուց։ Հոկտեմբերի 15-ի երեկոյան զանգահարեցին, տանը ճաշում էինք։ Ասացին, որ առավոտյան ներկայանա։ Արմանն արձագանքեց՝ կարո՞ղ է գամ, ու էլի չտանեք։ Հոկտեմբերի 16-ին մեկնեց, մեզ ասացին, որ 14 օրով տանում են Արմավիր, բայց այնտեղ չտարան։ Լաց չեմ եղել, երբ մեկնում էր ժամկետային զինծառայության, չեմ լացել, երբ դիրքեր էր բարձրանում, բայց այդ օրը ես լաց եղա»։

Արմանը հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան հասնում է Գորիս, այնտեղից նրանց տեղափոխում են Իշխանաձոր, հետո՝ Ջրական։ «Արմանս զանգեց՝ մամ, մենք գնում ենք Ղարաբաղ։ Գիտեի իր պատասխանատվության աստիճանը, որ հենց հարմար պահ լինի, կզանգահարի։ Բայց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը կարծես ուժեղ հարված եմ զգացել թիկունքիս ու առաջինն այդ պահին մտածել եմ Արմանիս մասին։ Հոկտեմբերի 20-21-ն էր, երազիս Արմանս եկավ՝ մամա, սոված եմ, հաց կտա՞ս։ Զգացողություն ունեցա, որ ուրեմն սոված է։ Երազներիցս մեկում էլ Արմանս դռներ էր բացում իրար հետևից ու մեկ էլ գնաց»։ Հոկտեմբերի 16-ից՝ վերջին զանգից հետո ընտանիքն Արմանից լուր չի ունենում։

Նոյեմբերի 9-ին, երբ մայրիկը մանկապարտեզում աշխատանքի է լինում, անասելի վատ զգացողություն է ունենում։ «Գործընկերս հարցրեց, թե ինչ է պատահել, արձագանքեցի՝ վատ բան եմ կանխազգում։ Արդեն հրադադար էր, զանգում էինք Արմանին, զանգերը գնում էին, պատասխանող չկար»։ Հենց այդ օրվանից էլ ընտանիքը փշուր առ փշուր տեղեկություններ է հավաքում որդու մասին։ Տեղեկանում են, որ իրենց որդին մեկնել է Ջրական։ «Այնտեղ մարտերի մեջ են եղել։ 97 հոգուց 32-ն են վերադարձել տուն։ Տղաներն են պատմում՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան մարտ է եղել, հետո դադար։

Վալերի Քոչարյանը հրաման է տվել՝ տղաներ, դիրքավորվեք, իջնեմ ներքև, գամ։ Գնում է, և կրկին հարձակում է սկսվում ԱԹՍ-ներով, դիպուկահարներով։ Ողջ մնացած տղաները պատմում են, որ իրենք Արմանին զոհված չեն տեսել։

Արմանի, իր հրամանատարի և ևս մեկ տղայի մարմինները դեպի Հադրութ գնացող ճանապարհից են դուրս բերել։ Հավանաբար, այդ ուղղությամբ են շարժվել»։ Արմանի անմահանալու օր է նշվում հոկտեմբերի 18-ը, նա տուն է «վերադարձել» 80 օր անց։ «2021 թվականի հունվարի 3-ին քննիչը մեզ հայտնեց, որ Արմանին գտել են ու Հերացի ուղարկել։ Ես տեսել եմ նկարները, հագուստի վրա աջ կողմում արյուն կար, այսինքն՝ իմ տղան վիրավոր է եղել, հավանաբար, արնահոսել է, գուցե մի քանի օր ողջ է եղել»։

Ապրելու ուժի մասին։ «Երբ իր հայացքը գալիս է աչքիս առաջ, դա է ինձ ուժ տալիս։ Իր աչքերն եմ հիշում, երբ նստեց մեքենան ու գնաց։ Արմանս ինձ ասում էր. «Մա՛մ ջան, օրով ապրի ու պարզ ճակատով»։ Նա է հիմա ինձ ուժ տվողը և, իհարկե, իմ ընտանիքը։ Արմանս ավագ քույր և կրտսեր եղբայր ունի։ Փոքր տղաս հաճախ է ասում՝ ինչո՞ւ եղբայրս իմ կողքին չէ, պետք է իմ կողքին լիներ, ամեն ինչ իրար հետ անեինք։ Հիմա մտածում եմ՝ եթե կոտրվեմ, իմ ընտանիքն էլ կթուլանա։ Համարում ենք, որ Արմանը մեր կողքին է»։

Հ. Գ.- Արման Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ