Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Թոսունյան

Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։

ԲԷՑ պատկանում է կառավարությանը և հանդիսանում է փոխանցող ցանց (220 կՎ և ավելի), իսկ ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» խմբին և հանդիսանում է բաշխիչ ցանց (110 կՎ և ցածր), որն էլեկտրաէներգիան հասցնում է արդեն վերջնական սպառողներին։

Ավելի քան 2,6 մլրդ դրամ․ սա՝ պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափն է։ Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը՝ 1,4 մլրդ դրամի։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր և քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, կան նաև վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Համեմատության համար նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 24,25 մլրդ դրամ է, այսինքն՝ քրեական վարույթներով արձանագրված վնասը կազմում է ընկերության ամբողջ կանոնադրական կապիտալի շուրջ 10 տոկոսը։

Ընդհանուր առմամբ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամ։

Այս ընթացքում ԲԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի ու պարգևատրումների տարեկան ֆոնդը գնալով աճել է։ Եթե 2019-ին այս ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, 2024-ին այն հասել է 114 մլն դրամի (աճը կազմել է մոտ 33 տոկոս)։

1,1 մլրդ դրամի վնասը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում են քննվում երկու հիմնական վարույթները՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Հաշվեքննիչ պալատի և այլ իրավապահ մարմինների ուսումնասիրությունների հիման վրա։

Առաջին վարույթը սկսվել է 2019-ի փետրվարին, ամիսներ անց այս վարույթին միացել են նաև 2019-ի մայիսին Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդ ուսումնասիրության՝ ԲԷՑ-ի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր դրդապատճառներից ելնելով, բազմաթիվ կոպիտ խախտումներ են կատարել՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Պալատը պարզել էր, որ ԲԷՑ-ին այդ գործողությունների հետևանքով պատճառվել է ավելի քան 867 մլն դրամի վնաս։

Սրան գումարվել են ՊՎԾ-ի ուսումնասիրության տվյալները, և վնասը հասել է 1,1 մլրդ դրամի։ Այս գումարից վերականգնվել է 207 մլն դրամը (պատճառված վնասի 17 տոկոսը)։ Նախաքննությունն ընթանում է արդեն վեց տարի, իսկ մեղադրյալ չկա։

Հինը չփակած՝ նոր վարույթ ԲԷՑ-ում

Պետությունը դեռ չէր հասցրել ամբողջական բացահայտել 2019-ի չարաշահումներն ու վերադարձնել գումարները, երբ ՊՎԾ-ի ուսումնասիրությունը հայտնաբերում է նոր և ավելի խոշոր չարաշահումներ։ Այս անգամ վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու և այլնի։

Հետագայում այս վարույթին է միացվում ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա 2023-ի մարտին նախաձեռնված գործը։

Քրեական վարույթով պատճառված վնասը, ըստ ՊՎԾ-ի, կազմում է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ, որը չի վերականգնվել։ Այս գործով չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունն իր պատասխանում ևս հաստատել է, որ ՊՎԾ-ի և Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ԲԷՑ-ի վերաբերյալ նախաքննության փուլում է երկու քրեական վարույթ։ Ըստ պատասխանի՝ նշանակված են համալիր փորձաքննություններ։

Խոշոր հափշտակություններ և 0 դրամի վերականգնում

Ամենօրյա ռեժիմով ՀԷՑ-ի կառավարման թերացումներից խոսող իշխանության պաշտոնավարման ընթացքում ԲԷՑ-ում տասնյակ գողություններ են կատարվել, որոնց մեծ մասն առ այսօր բացահայտված չէ, և վնասը չի փոխհատուցվել։

Ըստ Քննչական կոմիտեի գրավոր պատասխանի՝ 2024-2025 թվականների ընթացքում ԲԷՑ-ից հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ վեց քրեական վարույթ է քննվում։

Դրանք վերաբերում են Երևանի «Մարաշ» ենթակայանից էլեկտրաէներգիայի հափշտակությանը, Սյունիքի մարզի «Գորիս» տեղամասից մետաղական անկյունակների գողությանը, Շիրակի մարզի «Արևմտյան» տեղամասից պղնձյա փաթույթների և սեղմիչների գողությանը և Վայոց ձորի մարզի «Վայքի» օդային գծից անկյունակների հափշտակությանը։ Այս վեց վարույթով պատճառված վնասը կազմում է շուրջ 6 մլն դրամ, որը չի վերականգնվել, չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2021-2024 թվականներին Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 19 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն:

«17 քրեական վարույթ նախաքննության փուլում է, երկու քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է գրավոր պատասխանում։

Քրեական գործերից անդին

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին։ Այն ունի 10 մասնաճյուղ Հայաստանում։

2017-ից ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել գործադիրի ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ ԲԷՑ-ի կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: 2018-ի մայիսին «Տաշիր Կապիտալը» հայտարարեց, որ հրաժարվում է կառավարումից։ «Տաշիր Կապիտալը», մասնավորապես, արձանագրել էր, որ «ԲԷՑ-ը ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկն է, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին»։

ԲԷՑ-ի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում «Տաշիր Կապիտալ»-ի 2018-ի հայտարարության թիվն «անհասկանալի» համարեց։

«ԲԷՑ-ը բազմաթիվ ներդրումային ծրագրեր ունի՝ և՛ ընթացիկ, և՛ արդեն իսկ իրականացված, որոնց մասով կան ձևավորված և՛ վարկային պարտավորություններ, և՛ պայմանագրային փոխադարձ պարտավորություններ, այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ թվի մասին է խոսքը»,- ասաց նա։

Թևոսյանի կարծիքով՝ 2018-ի հայտարարությունը «կամ ինչ-որ թյուրիմացություն է, կամ իրականությանը չհամապատասխանող բան»։ Նա վստահեցրեց, որ ընկերությունն այս պահին չկատարված ժամկետանց պարտավորություններ չունի․ «Նման խնդիր առնվազն այս պահին գոյություն չունի»։

Ըստ Թևոսյանի՝ ԲԷՑ-ը գտնվում է «կայուն ֆինանսական վիճակում», անցնում է ամենամյա արտաքին աուդիտ և «բնականոն ձևով իրականացնում է իր վրա դրած բոլոր պարտավորությունները»։

Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի 2019-ի ուսումնասիրություններին, որոնց հիման վրա հարուցվել են վարույթները, Թևոսյանը նշեց, որ ԲԷՑ-ն այն ժամանակ տրամադրել է պարզաբանումներ։ Ըստ նրա՝ «այդ հաշվարկներն ամբողջությամբ այնքան էլ հիմնավոր չեն, և այն երևույթները, ինչի հիման վրա, որ իրականացվել են, ունեն օրինական բացատրություն»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ ԲԷՑ-ի կառավարման արդյունքում ընկերությունում հետընթաց է գրանցվել՝ ի տարբերություն ՀԷՑ-ի։

«Եթե ՀԷՑ-ում դրական տեղաշարժը քիչ է, որից կարելի է դժգոհել, ապա ԲԷՑ-ում որոշ դեպքերում կա հետընթաց»,- ասաց Պիպոյանը։

Նրա կարծիքով՝ ԲԷՑ-ի խնդիրները հանրությանը տեսանելի չեն եղել, քանի որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ դրանք վերցրել է իր վրա՝ խուսափելով քաղաքական լարվածությունից։

«Ես այն քիչ մարդկանցից եմ այս երկրում, որը շատ լավ նկատում է, որ տարիներ շարունակ, երբ որ ԲԷՑ-ը խնդիրներ էր ստեղծում, ՀԷՑ-ը դրանք վերցնում էր իր վրա։ Եթե ԲԷՑ-ի ամեն մի խնդիր ՀԷՑ-ը իր վրա չվերցներ, միգուցե այսօր հասարակությունը իրական ընկալումներ և իրական պատկերացում ունենար, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի անջատում»,- նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ այն, որ հասարակությունը հստակ չի ընկալում, թե որ ընկերությունից է գալիս խնդիրը, պակաս մեղավոր չէ նաև ՀԷՑ-ը։

Ինչ են բացահայտում ԲԷՑ-ի աուդիտորական զեկույցները

ԲԷՑ-ի շուրջ քրեական վարույթներից բացի, ընկերության ֆինանսական վիճակը տարիներ շարունակ մտահոգիչ է եղել նաև անկախ աուդիտորների համար։ 2016-2024 թվականների աուդիտորական զեկույցները (աուդիտորներ՝ BDO և Grant Thornton) հինգ տարի անընդմեջ՝ 2017-ից մինչև 2021, ընկերության ֆինանսական հաշվետվություններին տվել են ոչ թե դրական, այլ «վերապահումով կարծիք»։ Սա նշանակում է, որ աուդիտորները չեն կարողացել բավարար ապացույցներ ձեռք բերել՝ հաստատելու, որ հաշվետվությունները լիովին ճշմարիտ են, կամ համաձայն չեն եղել ղեկավարության կիրառած հաշվապահական քաղաքականության հետ։

Վերապահումների հիմքում երկու խոշոր խնդիր է եղել։ Առաջինը դեռ 2012-2014-ին արձանագրված ավելի քան 924 մլն դրամի պարտավորությանն է՝ կապված Իրան-Հայաստան գազատարի հաշվառման հետ։ Այս ակտի կիրառումը կասեցվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով, մինչև գազատարի վաճառքը։ Խնդիրը լուծվել է միայն 2021-ին ակտիվի վաճառքից հետո։

Վերապահումների երկրորդ և առավել խոշոր պատճառը Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցման ձախողված ծրագիրն էր։ 2016-ի մայիսին պայմանագիր էր կնքվել չինական Liaoning-Efacec Electrical Equipment Co. LTD-ի հետ, սակայն 2019-ի դեկտեմբերին ԲԷՑ-ը միակողմանի լուծել էր պայմանագիրը՝ պատճառաբանելով կապալառուի կողմից պարտականությունների շարունակական չկատարումը և շինարարության ավարտման ժամկետների խախտումը։ Խզման պահին, սակայն, ԲԷՑ-ն արդեն իսկ 6,4 մլրդ դրամ էր ծախսել (կապիտալացրել) այդ անավարտ շինարարության վրա։ 2020-ին և 2021-ին աուդիտորական զեկույցներում նշվում է, որ «Ընկերության ղեկավարությունը վստահ չէ» այդ 6,4 մլրդ դրամի վերականգնելիության հարցում, այնուամենայնիվ այն «արժեզրկման գծով պահուստ չի ճանաչվել»։ 2024-ի եզրակացությունում էլ նշվում է, որ անավարտ շինարարությունները ներառում է 6,7 մլրդ դրամ, որը վերաբերում է Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցմանը:

Հոդվածի հիմնական լուսանկարը, ինչպես նաև ինֆոգրաֆիկաները պատրաստվել են ԱԲ գործիքի` Google Gemini-ի միջոցով

Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին