Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքում հայտնված թեման վերաբերում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրման գործընթացին, որը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես պատմական կամ առնվազն նշանակալի շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Սակայն ավելի խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ սա առաջին հերթին քաղաքական և տեղեկատվական շոու է՝ առանց իրական, երկարաժամկետ ռազմավարական նշանակության ու առանց հանրության համար առարկայական շահավետ արդյունքի։ Լայն առումով այս իրադարձությունն իր ամբողջ էությամբ խոսում է ոչ թե տնտեսական նոր հնարավորությունների, այլ քաղաքական իմիտացիայի, հանրային ընկալումների մանիպուլ յացիայի և պարենային անվտանգության լրջագույն խնդիրների մասին։

Նախ՝ անհրաժեշտ է անդրադառնալ այն թեզին, թե Ադրբեջանը իբր բացել է իր տարածքը Հայաստանի համար՝ որպես խաղաղության և համագործակցության նախանշան։ Իրականում, սակայն, խոսքը ոչ թե համապարփակ և երաշխավորված տրանսպորտային միջանցքի կամ երկարատև փոխվստահության հիմքի վրա կառուցված շարժի մասին է, այլ ընդամենը մեկ կամ մի քանի անգամվա տարանցման մասին, որը լիովին կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից ու մղումներից։ Ցանկացած պահի, անգամ տեխնիկական կամ արհեստական պատճառաբանությամբ, այս ճանապարհը կարող է փակվել, և որևէ երաշխիք չկա, որ նման նախաձեռնությունները կդառնան կայուն, կանխատեսելի և Հայաստանի համար անվտանգ ուղի։ Իրականում սա առավելապես շանտաժի և քաղաքական շահարկման գործիք է, որը Բաքվի ձեռքին մնում է որպես ճնշման լծակ։ Այսինքն, այսօր կարող է ցորենի բեռը անցնել, իսկ վաղը՝ ամենաչնչին առիթով այդ ճանապարհը փակված կլինի, Հայաստանը նորից կհայտնվի պարենային ռիսկերի առաջ, կառավարությունն էլ ստիպված կլինի արդարանալ սեփական անգործության կամ սխալ հաշվարկների համար։

Այս համատեքստում պետք է արձանագրել, որ միայն մեկ ապրանքի՝ մասնավորապես ցորենի տեղափոխումը որևէ լուրջ հարց չի լուծում։ Այն չի կարող դիտարկվել որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում որակական տեղաշարժ կամ խաղաղության գործընթացի առաջընթաց։ Իհարկե, տեղեկատվական դաշտում սա լայնորեն ներկայացվում է որպես երկու երկրների միջև հնարավորությունների բացում, երկխոսության և փոխվստահության նշան, բայց իրականում, եթե գործընթացը չունի ինստիտուցիոնալ բնույթ, եթե չկան իրավական հենք, միջազգային երաշխիքներ, երկկողմ համաձայնություններ և ամենակարևորը՝ փոխադարձ վստահություն, ապա սա ընդամենը ժամանակավոր ակցիա է՝ հանրության աչքը մտցնելու համար։

Մի քանի անգամ բեռների անցումը ոչ միայն չի կարող հիմք ծառայել հարաբերությունների կայունացման, այլև հակառակը՝ ցույց է տալիս, թե որքան խոցելի է Հայաստանն այսօր արտաքին և ներքին ռիսկերից, ինչքան շեշտակի է կախված քաղաքական տրամադրություններից ու արտաքին ուժերի կամքից։ Ավելին, բուն ցորենի ներկրման տրամաբանությունը ևս քննադատության լուրջ հիմքեր ունի՝ թե՛ իր տնտեսական արդյունավետությամբ, թե՛ տարածաշրջանային լոգիստիկայի համատեքստում։

Ռուսաստանից Հայաստան ցորենի տեղափոխման համար ադրբեջանական տարածքի օգտագործումը ոչ միայն ավելի երկար ու բարդ ճանապարհ է, այլև ենթադրում է երկու անգամ սահմանային անցում. նախ՝ Ադրբեջան, ապա՝ Վրաստան, և նոր միայն Հայաստան, այն դեպքում, երբ գոյություն ունի ավելի արագ, կարճ ու նախընտրելի երթուղի՝ անմիջապես Ռուսաստանից Վրաստան, իսկ այնտեղից՝ Հայաստան։ Այսինքն, այսպես կոչված՝ «նոր» ճանապարհը ոչ միայն չի բարելավում լոգիստիկան, այլև ավելացնում է ռիսկերը, ծախսերը, կախվածությունն ու անորոշությունը։ Եթե իսկապես նպատակ կա դիվերսիֆիկացնել ներկրման ուղիները կամ ապահովել պարենային անվտանգություն, ապա պետք էր մտածել այլընտրանքային՝ երրորդ երկրների ներգրավմամբ տարբերակների մասին։

Այս հարցի շուրջ իշխանությունների հռետորաբանությունը, թե իբր Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, նույնպես դժվար է համարել հիմնավոր։ Ռուսաստանը և Ղազախստանը ԵԱՏՄ լիիրավ անդամներ են, Հայաստանը՝ այդ նույն միության անդամ, ինչը նշանակում է, որ այսօր էլ առանց լուրջ խոչընդոտների կարող են փոխադարձաբար մատակարարել միմյանց տարբեր ապրանքներ, գյուղմթերք, այդ թվում՝ ցորեն։

Եթե իսկապես կարիք կար դիվերսիֆիկացնելու, ապա պետք էր ներկրում իրականացնել ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Հնդկաստանից, Կանադայից, այլընտրանքային շուկաներից, ինչը կբացառեր մեկ երկրից կախվածության վտանգը և կբերեր թե՛ գների մրցակցություն, թե՛ պարենային ապահովության լրացուցիչ երաշխիքներ։ Իսկ ներկրման ուղու երկարացումն ու բարդացումն առանց նոր շուկաների ներգրավման՝ պարզապես տեխնիկական իմիտացիա է, որը տնտեսապես ոչ մի օգուտ չի բերում և չի ամրապնդում երկրի դիրքերը։

Բայց այս ողջ շոուի ամենախոր խնդիրը պարենային անվտանգության հարցն է։ Հայաստանը տարիներ շարունակ չի կարողացել ապահովել ցորենի՝ որպես ռազմավարական ապրանքի, ինքնարտադրություն։ Յուրաքանչյուր տարի հանրապետությունը ներկրում է մեծ քանակությամբ ցորեն, իսկ ներքին պահանջարկի գրեթե 70-80 տոկոսն ապահովվում է արտաքին շուկայից։ Սա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային լարվածությունները, պատերազմների ու տնտեսական ճգնաժամերի հավանականությունը։ Ցանկացած պահի, եթե ներկրման ճանապարհները փակվեն, եթե գները կտրուկ տատանվեն, եթե մատակարար երկրներում խնդիրներ առաջանան, Հայաստանը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի առաջ՝ սպառողների և տնտեսության համար անդառնալի հետևանքներով։

Հենց այս պարագայում է ակնհայտ դառնում, որ ներկրման ուղղություններն ավելացնելը կամ քաղաքական շոուներով զբաղվելը հարցի լուծում չեն։ Անհրաժեշտ է խորքային պետական ռազմավարություն, որի հիմքում կլինի սեփական արտադրության խթանումը, գյուղատնտեսության արդիականացումը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղացիական տնտեսությունների աջակցությունը, սուբսիդավորման նպատակային ծրագրերը և ինքնաբավության մակարդակի աստիճանական բարձրացումը։ Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ կլիմայական, թե՛ հողային, թե՛ մարդկային ռեսուրսները, որպեսզի երկրում արտադրվի բավարար քանակի ցորեն և մի շարք այլ պարենային հիմնական ապրանքներ։

Եթե նույնիսկ երկրում արտադրված բերքի ինքնարժեքը որոշ չափով բարձր է արտասահմանից ներկրման համեմատ, ապա պետությունը ինքնարժեքն իջեցնելու և ձեռնտու դարձնելու համար կարող է աջակցել գյուղացիական տնտեսություններին, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծել նոր ոռոգման համակարգեր, ապահովել գյուղատնտեսական վարկերի մատչելիություն, սուբսիդավորել սերմացուի և պարարտանյութի ձեռքբերումը, զարգացնել գյուղացիական կոոպերացիաները և շուկայական մեխանիզմները։

Սա ոչ միայն կնպաստի պարենային անվտանգության ամրապնդմանը, այլև լուծում կտա սոցիալական, տարածքային, զբաղվածության հարցերին, կկանխի գյուղերից արտագաղթը, կպահպանի գյուղական մշակույթը և տնտեսության կենսունակությունը։ Նման մոտեցումը կարող է նաև դառնալ քաղաքական անկախության և ազգային անվտանգության կարևորագույն երաշխիք, քանի որ պարենային ինքնաբավությունը նվազեցնում է արտաքին ճնշումների և մատակարարման խափանումների ռիսկերը։

Այս ամենի ֆոնին պարզ է դառնում, որ այսօր իշխանությունների կողմից ներկայացվող՝ ադրբեջանական ճանապարհով ցորենի ներկրման շոուն, իրականում, ոչ միայն չի լուծում Հայաստանի պարենային անվտանգության հիմնախնդիրը, այլև հանրության մեջ ծնում է կեղծ սպասումներ։ Իսկ նմանատիպ քայլերը լավագույն դեպքում կարող են դիտարկվել ընդամենը որպես ժամանակավոր տեխնիկական լուծումներ, որոնց միջոցով հանրության ուշադրությունը շեղվում է խորքային խնդիրներից, իսկ արտաքին աշխարհին ներկայացվում է իբր հարաբերությունների և խաղաղության գործընթացի առաջընթաց։

Իրականում սա ոչ թե համագործակցություն է, այլ խոցելիության նոր դրսևորում, որի հետևանքները կարող են դառնալ անդառնալի, եթե չձևավորվի երկարաժամկետ, համակարգային, ազգային շահերից բխող քաղաքականություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու