Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն գրքերի փոխանակման և թարգմանությունների հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն գրքերի փոխանակման և հեղինակների գործերն իրենց մայրենի լեզվով թարգմանելու հարցում: Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով մասնակցել է Մինսկի գրքերի միջազգային 23-րդ ցուցահան դես-վաճառքի բացման արարողությանը:
«Բելառուսն ունի գրքերի տպագրման և հրատարակման լավ փորձ: Մշակույթի նախարարությունում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրները կհամագործակցեն այդ ոլորտում»,- ասել է Պողոսյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ցուցահանդես-վաճառքին մասնակցում է արդեն 10-րդ տարին, իսկ այս տարի հանդես է գալիս պատվավոր հյուրի կարգավիճակում:
Մինսկում Հայաստանի տաղավարը նվիրված է Հանրապետության անկախության հռչակման 25 ամյակին, ներկայացված են գրքեր տարբեր ժանրերից` պատմական, մանկական, գեղարվեստական գրականության նմուշներ: Իրենց պատվավոր տեղն ունեն բելառուս ստեղծագործողների գործերը, որոնք տպագրվել են Հայաստանում: «Բելառուսում մենք ցուցադրում ենք Հայաստանի ամենահին Աստվածաշունչը, որը տպագրվել է 1666 թվականին»,- ասել է ՀՀ մշակույթի փոխնախարարը:
Մինսկի գրքերի միջազգային 23-րդ ցուցահանդես-վաճառքը կանցկացվի մինչև փետրվարի 14-ը: Դրան մասնակցում են 29 երկրներ:



