Եվրամիությունում հանդես են եկել 100 հազար զինվորից բաղկացած միասնական բանակ ստեղծելու օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հանդես է եկել 100 հազար զինվորից բաղկացած համաեվրոպական բանակի ստեղծման օգտին։ Նա նման հայտարարություն է արել կիրակի՝ հունվարի 11-ին, Շվեդիայի հյուսիսում անցկացված անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է լիտվական LRT հեռուստաընկերությունը։
Կուբիլիուսն ասել է, որ «ուժեղ և մշտական եվրոպական ռազմական ուժը» ԵՄ անվտանգությունը պաշտպանելու «լավագույն տարբերակը» կլինի, գրում է DW-ն: Առաձնապես հաշվի առնելով, որ Սպիտակ տունը լրջորեն քննարկում է Եվրոպայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը՝ կենտրոնանալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա և Չինաստանի զսպման ուղղությամբ, նշել է Լիտվայի նախկին վարչապետ եվրահանձնակատարը։
Կուբիլիուսը կասկածում է, որ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի պահպանմամբ։ Ըստ եվրահանձնակատարի՝ դրա մասին են վկայում Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահի տարածքային պահանջները և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Դանիային պատկանող կղզին անեքսիայի ենթարկելու սպառնալիքը։
Նա նաև առաջարկել է ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ՝ ԵՄ խոշոր պետություններից կազմված մարմին, դրանց թվում՝ մի շարք մշտական և ռոտացիոն անդամներ, որոնց մասնակիցները կարող են քննարկել տարածաշրջանային պաշտպանության հիմնահարցեր: Կուբիլիուսի համոզմամբ՝ Մեծ Բրիտանիան ևս պետք է անդամակցի այդ կառույցին:
Եվրամիությունը վաղուց է քննարկում կենտրոնացված և միասնական բանակի ստեղծման հարցը, սակայն այդ գաղափարը դեռևս չի ստացել ԵՄ անդամ պետությունների մեծամասնության աջակցությունը, քանի որ պատրաստ չեն հրաժարվել իրենց զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունից: Մասնավորապես, գաղափարի հիմնական կողմնակիցներից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է:
Հունվարի 10-ին Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը ևս հայտարարել է համաեվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ ԵՄ երկրները պետք է միավորեն իրենց պաշտպանական արդյունաբերությունները և աստիճանաբար անցնեն սեփական բանակների ստեղծմանը՝ «երրորդ կողմերից կախվածությունը դադարեցնելու» համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



