Շենգենյան գոտու փլուզման վտանգ է ի հայտ եկել. Մեդվեդև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայմանավորված փախստականների չվերահսկվող հոսքով՝ իրական վտանգ է ստեղծվել, որ միասնական տնտեսական տարածքը, եվրոպական ինքնությունն ու Շենգենյան գոտին կփլուզվեն. հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Իրական սպառնալիք է առաջացել, որ միասնական տնտեսական տարածքը, որն այդքան դժվարությամբ է ստեղծվել հետպատերազմյան մի քանի տասնամյակների ընթացքում, կավերվի, դրան կհաջորդի նաև մշակութային տարածքն ու եվրոպական ինքնությունը»,-ասել է Մեդվեդևը՝ Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի ընթացքում։
Նրա խոսքով՝ պայմանավորված փախստականների և ներգաղթյալների հոսքով՝ կսրվեն սոցիալական խնդիրները, կաճի փոխադարձ անհանդուրժողականությունը, այլատյացությունը, որը հաճախ է վերածվում ուղղակի ագրեսիայի, իսկ փախստականների անվան տակ եվրոպական երկրներ կթափանցեն հազարավոր ծայրահեղականներ։
«Մենք ցավով ենք տեսնում նաև Ռուսաստանի համար անհրաժեշտ մեխանիզմների խափանումը։ Մեր կողմից մենք պատրաստ ենք օգնել միգրացիոն խնդիրների հարցերում։ Այդ թվում՝ մասնակցելով հակամարտող շրջաններում իրավիճակի կարգավորմանը, որտեղից գալիս է փախստականների հիմնական հոսքը։ Նախ և առաջ՝ Սիրիայում»,-ասել է Մեդվեդևը։



