Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը։ Արցախցիները ստացել են փախստականի կարգավիճակ և, հետևաբար, ունեն դրանից բխող իրավունքներ, այդ թվում՝ նաև վերադարձի իրավունք։
Վարչապետը, ով գոռգոռում էր արցախցու վրա, դա անում էր նաև այն պատճառով, որ Ադրբեջանը միջազգային հանրության հետ համապատասխան աշխատանք է տարել, և այդ մոտեցումը նաև պարտադրվել է մեր իշխանություններին․ այլևս չպետք է օգտագործվի «էթնիկ զտում» ձևակերպումը, չպետք է ասվի, որ արցախցիները բռնի տեղահանվել են։ Փոխարենը առաջ է մղվում այն թեզը, թե նրանք իրենց կամքով են դուրս եկել կամ պարզապես փախել են։ Ալիևն էլ հայտարարում է, որ նրանք իրենց կամքով են հեռացել՝ իբր ինքը ի՞նչ կարող էր անել։
Այս կառավարությունը կառավարվում է Ադրբեջանից, և հենց դրանով է պայմանավորված պետական քաղաքականության փոփոխությունը։
Բոլորը կենտրոնացել են վարչապետի պահվածքի՝ նրա էմոցիաների, ժեստերի, երեխայի ներկայությամբ մորը վիրավորելու վրա, սակայն դրա սոցիալ-հոգեբանական հիմքերը կապված են Ադրբեջանից եկող հրահանգների հետ։ Այն հանգամանքի, որ այլևս չի թույլատրվում արցախցիների վերաբերյալ օգտագործել «էթնիկ զտված» կամ «բռնի տեղահանված» ձևակերպումները։



