«Փաստ» օրաթերթը գրում է, որ այսօր ժամը 18:00-ին ավարտվում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների և դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը։
Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, և արդեն մայիսի 4-ին վերջնականապես պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք։ Բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը։
Երեկ աշխատանքային օրվա ավարտին թերթը դիմել է ԿԸՀ՝ պարզելու, թե տվյալ պահի դրությամբ քանի քաղաքական ուժ է ներկայացրել փաստաթղթերը։ Պարզվել է, որ մինչև երեկվա ժամը 18:00-ն ընդամենը 6 կուսակցություն և դաշինք է հանձնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Դրանք են՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
Ըստ աղբյուրի՝ ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս ակնկալվում է, որ քաղաքական ուժերի զգալի մասը փաստաթղթերը կներկայացնի հենց վերջնաժամկետի օրը։
Նշվում է, որ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը՝ ժամը 24:00-ն։ Իսկ ընտրողների սկանավորված ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մայիսի 9-ին՝ մինչև ժամը 12:00-ն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։