Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց երկրում արտակարգ դրության երկարացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի եւս երեք ամսով՝ մինչեւ մայիսի 26-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել այդ որոշմանը. «կողմ» է քվեարկել 212 պատգամավոր, «դեմ»՝ 21-ը:
Անցած շաբաթ արտակարգ դրության ռեժիմի երկարացման օգտին քվեարկել էր նաեւ Ֆրանսիայի Սենատը:
Արտակարգ դրությունն սկզբնապես սահմանվել էր 12 օրով, այնուհետեւ երկարացվել երեք ամսով: Դրա գործողության ժամկետը լրանում էր փետրվարի 26-ին:
Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը, նոյեմբերից ֆրանսիական ոստիկանությունը երկրում կատարել է 3,3 հազար խուզարկություն: Դրանց ընթացքում առգրավվել է 578 միավոր զենք, ձերբակալվել է 340 մարդ, իսկ 285 մարդ տնային կալանքի տակ է դրվել:



