Ֆրանսիական Միժեն քաղաքում արգելվել է թուրքերենի դասավանդումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի մայրաքաղաք Փարիզից հարավ-արևելք գտնվող Միժեն շրջանում թուրքերենի, ինչպես նաև արաբերենի դասերն անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Որոշումը կայացրել է Միժենի քաղաքապետ Ֆրանսուա Բուշյեն, ով ընդգծել է, որ այդպիսով Ֆրանսիայում, որտեղ ահաբեկչությունից հետո հայտարարված է արտակարգ իրավիճակ, անհրաժեշտ է դպրոցների անվտանգությունը բարձր մակարդակի վրա պահել: Անդրադառնալով դպրոցներում թուրքերեն դասավանդող ուսուցիչներին՝ նա ասել է. «Երբ տնօրենը դպրոցում չի լինում, կարծում եք պետք է թո՞ւյլ տանք, որ անծանոթ և շատ քիչ ֆրանսերեն իմացող մեկն առանց ստուգման մտնի և շրջի դպրոցում»:
Շուրջ 700 թուրք բնակիչ ունեցող Միժենում թուրքական մշակութային ընկերության փոխնախագահ Ֆարուք Բըյըքն այս որոշման առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել տեղական թերթերից մեկում: Նա կարծիք է հայտնել, թե փորձ է արվում ահաբեկչության սպառնալիքի և թուրքական ու արաբական մշակույթների միջև կապ ստեղծել: Նա հայտնել է, որ խորապես վշտացած է, որ դպրոցներում հիմնական դասերից հետո դասավանդվող թուրքերենի դասերն այսուհետ արգելված կլինեն:



