«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփում
Ապրիլի 22-ին և 23-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի 2025 թվականի կրթաթոշակառուների ավարտական գալա համերգները։
Այս երկու հիշարժան համերգային երեկոները դարձան ամբողջ տարվա ընթացքում կատարված հետևողական աշխատանքի, ստեղծագործական աճի և երաժշտական զարգացման հանդիսավոր ու գեղեցիկ ամփոփումը։ Համերգասրահում տիրող մթնոլորտը լեցուն էր դասական երաժշտությամբ, հույզերով, մեծ ոգեշնչմամբ և բարձր ծափահարություններով։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու պատանի երաժիշտների կատարումները, որոնք առանձնանում էին թե՛ տեխնիկական վարպետությամբ, թե՛ երաժշտական խորությամբ և անկեղծությամբ։
Գալա համերգների ընթացքում հնչեցին համաշխարհային դասական երաժշտության մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Շոպեն, Պոպպեր, Չայկովսկի, Ֆիբբս, Պետրենկո, Ջոնսոն, Շտրաուս, Վիվալդի, Մանգանի, Լիստ, Իզայի, Դոպլեր, Մենդելսոն, Վեբեր, Դեբյուսի, Տաֆանել, Էնգ, Իտուրալդե, Բրամս, Վենյավսկի, Իբեր, Արբան, Պագանինի, Ռախմանինով, Ռուբինշտեյն, Ֆորե, Ռիմսկի-Կորսակով, Սկրյաբին, Ջակոբ, Աբրահամյան և Զաքարյան։
Ծրագրի 39 կրթաթոշակառուները երկու օր շարունակ վստահորեն և փայլուն կերպով հանդես եկան բեմում՝ ներկայացնելով իրենց մասնագիտական առաջընթացը և դասական երաժշտության հանդեպ սերն ու նվիրվածությունը։ Յուրաքանչյուրի ելույթը արտացոլում էր այն մեծ ստեղծագործական ճանապարհը, որն անցել են տարվա ընթացքում՝ ընդգծելով ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները, փորձը և մասնագիտական առաջընթացը։ Նրանց կատարումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ հետևողական աշխատանքի, ճիշտ ուղղորդման և բարձրակարգ մասնագիտական աջակցության շնորհիվ ձևավորվում են ապագա վիրտուոզներ, որոնք վստահորեն և արժանապատվորեն ներկայացնելու են հայկական մշակույթը միջազգային հարթակներում։
Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում ծրագրի բոլոր գործընկերներին, որոնց վստահության և աջակցության շնորհիվ հնարավոր է դառնում կյանքի կոչել նման կարևոր և նշանակալի կրթական նախաձեռնություններ։
Ռազմավարական գործընկերներ՝ Երևանի քաղաքապետարան, VISA ընկերություն
«Վիրտուոզներ բանաձևը» նախագծի գործընկեր՝ Ռենշին քաղաքաշինական ներդրումային ընկերություն
Այլ գործընկերներ՝ Ավետիսյան 575 հիմնադրամ, Հայաստանի Բանկերի Միություն, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց, Մարիլա ընկերություն, Բարուր Թոյս, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ, TCF Armenia ընկերություն։
Կրթական և զարգացման ծրագիրն արդեն յոթերորդ տարին է, ինչ իրականացվում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից՝ դառնալով հարթակ պատանի երաժիշտների բացահայտման, կրթության և շարունակական զարգացման համար։ Այս համերգները ևս մեկ անգամ ամփոփեցին հիմնադրամի հերթական հաջողված կրթական տարին՝ ընդգծելով ծրագրի կարևոր դերակատարությունը երիտասարդ սերնդի ձևավորման գործում։



