Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀայաստանի կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62,3 մլն դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։
Առայժմ ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ էլ «Տաշիր» ընկերությունը չեն հայտնում կամ հաստատում այս տեղեկությունը, բայց ակնհայտ է, որ առաջարկվող այս գումարը՝ 380 հազար դոլար, ոչ միայն ծիծաղելի, այլ նաև վիրավորական է ընկերության ղեկավար սեփականատերերի համար, և ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Կարապետյանների ընտանիքից խլելու համար, առաջարկվող գումարն էլ ընդամենը ծաղրանք է, որովհետև այդքան գումար թերևս ամեն ամիս Կարապետյաններն իրենց գրպանից աշխատավարձ են տվել ՀԷՑ-ի աշխատողներին։
Փաշինյանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Իսկ ընդդիմադիր քաղաքական միավորներին և ընդդիմախոսներին հետապնդելու է բոլոր հնարավոր տարբերակներով՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի պատկանող ընկերության դեմ գործողությունները սկսվեցին, երբ վերջինս իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։
Միջազգային տարբեր արբիտրաժային դատարաններում այս պահին էլ ընթանում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ քննությունը, բայց գործող իշխանությունները հստակ ապացուցել են, որ որևէ արբիտրաժային դատարանի որոշում չեն կատարելու և ամեն ինչ անելու են Սամվել Կարապետյանին վնասելու համար։ Թե այդ ճանապարհին ինչ վնասներ կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը, ոչ Փաշինյանին, ոչ նրա թիմակիցներին չի հետաքրքրում։
Մոնիկա Կիրակոսյան



