Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

21-րդ դարի միջազգային հարաբերությունների կառուցվածքն իր առանցքային ուղղությամբ ձևավորվում է երկու գերտերության՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև խորացող մրցակցության, փոխադարձ կախվածության, տեխնոլոգիական դիմակայության և, միաժամանակ, հարկադրված համագործակցության ազդեցության ներքո։

Ամերիկա-չինական հարաբերությունները ներկայում միաժամանակ ներառում են առևտրային պատերազմ, տեխնոլոգիական մրցակցություն, աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար, ռազմավարական զսպում, ինչպես նաև տնտեսական այնպիսի փոխկախվածություն, որը թույլ չի տալիս հարաբերությունների լիարժեք խզում։ Աշխարհի ֆինանսական համակարգը, միջազգային առևտրի շղթաները, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, էներգետիկ շուկաները, ռազմական հավասարակշռությունը և անգամ գլոբալ ինստիտուտների ճակատագիրը մեծապես պայմանավորված են այս երկու ուժային կենտրոնների հարաբերությունների ընթացքով։

Վերջին տարիներին հատկապես ակնհայտ դարձավ, որ աշխարհը աստիճանաբար անցնում է միաբևեռ համակարգից դեպի բազմաբևեռության մի մոդել, որտեղ Չինաստանին՝ որպես ուժային կենտրոն, առանցքային դեր է վերապահված, և այն ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և ռազմավարական իմաստով կարող է վերափոխել համաշխարհային ուժային բալանսը։

Այդ գործընթացը սկսվել է դեռևս 1990ականների վերջից, երբ Պեկինը, օգտվելով գլոբալացման տրամաբանությունից, վերածվեց արտադրական կենտրոնի, սակայն 2010ական թվականներից հետո արդեն պարզ դարձավ, որ չինական վերելքը պարզապես տնտեսական երևույթ չէ։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո Պեկինը սկսեց բացահայտորեն խոսել «չինական վերածննդի» և աշխարհակարգի վերափոխման մասին՝ փորձելով ստեղծել արևմտյան համակարգին այլընտրանքային տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային հարթակներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի ստեղծումը, յուանի միջազգայնացման փորձերը, ինչպես նաև ռազմական ներկայության ընդլայնումը Հարավչինական ծովում դարձան այդ ռազմավարության հիմնական բաղադրիչները։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում աճում էր այն ընկալումը, որ երկար տարիներ շարունակվող տնտեսական համագործակցությունը ոչ թե ինտեգրել է Չինաստանը արևմտյան համակարգի մեջ, այլ հակառակը՝ ստեղծել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակցին։ Այդ ընկալումը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ ամերիկյան արդյունաբերական շրջաններում սկսեցին փակվել հազարավոր արտադրություններ, իսկ տեխնոլոգիական ոլորտում չինական ընկերությունները սկսեցին լրջորեն մրցակցել ամերիկյան հսկաների հետ։ Հենց այդ փուլում ամերիկյան քաղաքական էլիտայի ներսում ձևավորվեց երկկուսակցական կոնսենսուս, որ Չինաստանի վերելքը պետք է զսպել։ Սակայն այդ քաղաքականությունը առավել կոշտ և բացահայտ ձև ստացավ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում։ Թրամփի վարչակազմը, ըստ էության, կտրուկ փոխեց ԱՄՆ-ի արտաքին տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ հայտարարելով, որ նախկին ազատ առևտրային մոտեցումները վնասել են ամերիկյան տնտեսությանը և թույլ տվել Չինաստանին ուժեղանալ ամերիկյան շուկայի հաշվին։ Սկսվեց լայնածավալ մաքսատուրքային պատերազմ, որի շրջանակներում միլիարդավոր դոլարների չինական ապրանքների նկատմամբ սահմանվեցին բարձր մաքսատուրքեր։ Պեկինն իր հերթին պատասխան քայլերի դիմեց, և աշխարհը փաստացի ականատես եղավ գլոբալ տնտեսության երկու խոշոր շարժիչ ուժերի միջև տնտեսական դիմակայության։ Սակայն այդ հակամարտությունը մյուս կողմից էլ դուրս է եկել առևտրային ճնշումների շրջանակներից և վերածվել տեխնոլոգիական ու ռազմավարական պատերազմի։ Ամերիկյան իշխանություններն, ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի օրոք, սահմանափակեցին չինական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ամերիկյան շուկա, փորձեցին խոչընդոտել չիպերի և արհեստական բանականության ոլորտում չինական առաջընթացը, իսկ Չինաստանը սկսեց արագացնել տեխնոլոգիական ինքնաբավության հասնելուն ուղղված քայլերը։

Այս համատեքստում Թրամփի՝ Պեկին կատարած այցը դարձավ ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարևոր փուլ, այլև ամբողջ միջազգային համակարգի համար խորհրդանշական իրադարձություն։ Այցը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկու պետությունները փորձում էին միաժամանակ և՛ խուսափել բացահայտ բախումից, և՛ առավելություն ստանալ միմյանցից։ Պեկինը փորձեց ներկայացնել Չինաստանը որպես կայունության և գլոբալ տնտեսական համագործակցության պաշտպան, մինչդեռ Թրամփը ձգտում էր ցույց տալ, որ կարող է ամերիկյան շահերը պաշտպանել առավել կոշտ մեթոդներով։ Այցի ընթացքում կնքվեցին բազմամիլիարդանոց տնտեսական համաձայնություններ, քննարկվեցին առևտրային անհավասարակշռության խնդիրները, ինչպես նաև անվտանգության հարցերը՝ սկսած Թայվանի հարցից մինչև Իրանի միջուկային ծրագրի թեմա։

Սակայն իրական քաղաքական իմաստով այցի հիմնական արդյունքը ոչ այնքան կոնկրետ պայմանավորվածություններն էին, որքան այն, որ երկու կողն էլ փորձեց ժամանակ շահել և կառավարելի պահել մրցակցությունը։ Պեկինի համար չափազանց կարևոր էր կանխել այնպիսի իրավիճակ, որտեղ ԱՄՆ-ը կփորձեր ձևավորել լայն հակաչինական դաշինք՝ ներառելով Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին։ Մյուս կողմից՝ Վաշինգտոնի համար կարևոր էր ցույց տալ, որ ԱՄՆ-ը դեռևս ունակ է վերահսկել համաշխարհային գործընթացները և սահմանել միջազգային տնտեսական խաղի կանոնները։ Թրամփի այցը նաև ցույց տվեց, որ ամերիկյան վարչակազմը, չնայած կոշտ հռետորաբանությանը, չէր ցանկանում հարաբերությունների լիարժեք խզում, քանի որ երկու տնտեսությունների փոխկախվածությունը չափազանց խորն է։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա ամերիկա-չինական մրցակցության ազդեցությունն առաջին հերթին արտահայտվում է աշխարհաքաղաքական բևեռացման խորացմամբ։ Շատ պետություններ հայտնվում են բարդ ընտրության առաջ՝ փորձելով միաժամանակ պահպանել հարաբերությունները և՛ Վաշինգտոնի, և՛ Պեկինի հետ։ Այդ երևույթը հատկապես ակնհայտ է Եվրոպական միության պարագայում, որտեղ մի կողմից՝ կա ամերիկյան անվտանգության համակարգից կախվածություն, մյուս կողմից՝ չինական շուկայի և ներդրումների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն։

Եվրոպական երկրները հաճախ փորձում են վարել հավասարակշռված քաղաքականություն, սակայն տեխնոլոգիական և ռազմավարական ոլորտներում աստիճանաբար մեծանում է ճնշումը կողմնորոշվելու ուղղությամբ։ Ամերիկա-չինական մրցակցությունը նաև արմատապես փոխում է համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Արտադրական շղթաները մասամբ վերադասավորվում են, խոշոր ընկերությունները փորձում են նվազեցնել կախվածությունը չինական արտադրությունից, իսկ Չինաստանը ձգտում է ներքին շուկայի և սեփական տեխնոլոգիական բազայի ամրապնդման միջոցով դիմակայել արևմտյան սահմանափակումներին։ Արդյունքում ձևավորվում է տնտեսական մասնատման վտանգ, որտեղ աշխարհը կարող է բաժանվել մրցակցող տեխնոլոգիական և ֆինանսական համակարգերի։

Սակայն նույնքան կարևոր է հասկանալ, որ մրցակցության հետ մեկտեղ գոյություն ունի նաև համագործակցության անհրաժեշտություն։ Կլիմայական փոփոխությունները, համաշխարհային ֆինանսական կայունությունը, համաճարակների դեմ պայքարը և միջուկային զենքի տարածման կանխումը այն ոլորտներն են, որտեղ առանց ամերիկաչինական համագործակցության դժվար է պատկերացնել արդյունավետ լուծումներ։ Հենց այդ պատճառով երկու պետություններն էլ, նույնիսկ ամենակոշտ դիմակայության պայմաններում, պահպանում են հաղորդակցության ուղիները։

Ապագայի տեսանկյունից աշխարհը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ապրել երկարատև ամերիկա-չինական մրցակցության պայմաններում, սակայն այդ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, չի կրկնի դասական Սառը պատերազմի մոդելը։ Երկու տնտեսությունները չափազանց փոխկապակցված են, իսկ գլոբալ համակարգը՝ չափազանց ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի լիարժեք բաժանում։ Ավելի հավանական է, որ աշխարհը կմտնի վերահսկվող մրցակցության դարաշրջան, որտեղ որոշ ոլորտներում կշարունակվի սուր դիմակայությունը, իսկ մյուսներում՝ հարկադրված համագործակցությունը։

Այս իրողությունը մեծ ազդեցություն կունենա նաև փոքր և միջին պետությունների վրա, որոնք ստիպված կլինեն առավել ճկուն արտաքին քաղաքականություն վարել։ Շատ երկրներ կփորձեն օգտվել երկու գերտերությունների մրցակցությունից՝ ստանալով ներդրումներ, տեխնոլոգիաներ կամ ռազմավարական աջակցություն։ Սակայն, միաժամանակ, կաճի ճնշումը ընտրություն կատարելու ուղղությամբ՝ հատկապես անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը