Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական 35 հոգանոց խմբից շատերն առաջին անգամ էին Սյունիքում:
ԶՊՄԿ-ն էլ, իր հերթին, նոր բացահայտում էր ապագա տնտեսագետների և ֆինանսիստների համար: Գյումրիից ժամանած հյուրերի հետ աշխատելն ու յուրաքանչյուր մանրուք ցույց տալը ԶՊՄԿ-ի համար կրկնակի պատասխանատվություն էր, քանի որ չափազանց կարևոր է բացատրել ոլորտի ազդեցությունը թե՛ մարզի, թե՛ ընդհանուր տնտեսության վրա՝ հատկապես հանքարդյունաբերություն չունեցող մարզերի ներկայացուցիչներին:
Այս խումբը ԶՊՄԿ էր եկել ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ. Ջհանյանի և գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Ստեփանյանի ՀՊՏՀ ԳՄ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Այցելուներից շատերն անկեղծորեն արձանագրում են, որ մինչև Քաջարանի հանք գալը գաղափար չունեին, թե ինչպես է իրականացվում պղնձի և մոլիբդենի կորզումը: Հիմա ապագա տնտեսագետները լիարժեք պատկերացում ունեն հանքարդյունաբերության ոլորտի մասին:



