«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Զարուհին այն մարդն է, որ գիշերը, երբ Փաշինյանի վրա են հարձակվում «Կոշ» ՔԿՀ-ում, գնում է գիշերը «Կոշ» ՔԿՀ։ Մեզ էլ էին զանգել, ես չէի կարող գնալ, մենք երկու հոգով պետք է գնայինք, առավոտյան ենք գնացել։ Զարուհին գիշերն է գնացել։ Ամբողջ գիշեր լինում է Փաշինյանի մոտ՝ այդ հարձակումից հետո։ Հետո, առավոտյան որոշում է կայացվում, որ նրան պետք է տեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ։ Այնքա՜ն արած բան ունի Զարուհին՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։
Հիշեցնենք՝ երեկ Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վիրավորական հայտարարություններ արեց նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի հասցեին՝ նրանց մեղադրելով հասարակությանը տարիներ շարունակ մոլորեցնելու և «Սերժի ու Ռոբի մոտ ընդդիմություն աշխատելու» մեջ։
Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ Զարուհի Փոստանջյանը նաև մեծ աշխատանք է կատարել «Մարտի 1»-ի դեպքերի բոլոր քաղբանտարկյալների համար, և այժմ նրա փաստաբանական գործունեությունն անվանարկել՝ նրան նույնականացնելով իր պաշտպանյալի հետ, խայտառակություն է․ «Լավ, այդ մարդու այդքան արածի ուրանալը ո՞րն է, Նիկոլ։ Էս ի՞նչ ձև է։ Զարուհի Փոստանջյանը բազմազավակ մայր է, կին, փաստաբան, և Փաշինյանն ինչ վիրավորանքներ է տալիս։ Բնականաբար, որ Փոստանջյանը դիմի դատարան, Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանալու պաշտպանվել, որովհետև ոչ մի փաստ չունի»։
Տեսանյութն՝ այստեղ



