Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Չինաստան։ Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը։ Այցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը բանակցություններ է անցկացրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ուղղված համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդմանը։ Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության հետագա խորացում տարբեր ոլորտներում։
Վլադիմիր Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ հանդիպումները անցել են բարեկամական և բովանդակալից մթնոլորտում։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը շարունակելու են ակտիվ համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում։