Բաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա Ռոստոմյան
Այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների և հազարավոր աշխատող քաղաքացիների մոտ օրեցօր խորանում է անորոշության զգացումը, որովհետև իշխանությունը ձևավորել է մի համակարգ, որտեղ տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։
Սեփականության իրավունքը, որը պետք է լինի պետության և տնտեսության կայունության հիմնասյուներից մեկը, այլևս պաշտպանված չէ։ Գործարար միջավայրում ձևավորվել է վտանգավոր ընկալում, որ խոշոր բիզնեսի անվտանգությունը կախված է կառավարող խմբի նկատմամբ քաղաքական հավատարմությունից, իսկ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է վերածվել վարչական ճնշումների, հարկային հետապնդումների կամ տնտեսական թիրախավորման։ Փաստացի, վարչապետն ամեն օր անոնսավորում է ինչ-որ բան «խլելու» մասին:
Այս մթնոլորտը կործանարար է տնտեսության համար։ Որևէ լուրջ գործարար ներդրում չի անի այն երկրում, որտեղ վաղվա օրը կանխատեսելի չէ, որտեղ բիզնեսը ստիպված է մտածել ոչ միայն շուկայի, այլ նաև քաղաքական ռիսկերի մասին։ Արդյունքում՝ նվազում են ներդրումները, տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, փակվում են աշխատատեղեր, իսկ սոցիալական խնդիրներն ավելի են խորանում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության արկածախնդրությունը նոր վտանգներ է ստեղծում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում խորացող ճգնաժամը և ավանդական շուկաների հետ կապված խնդիրները հարվածում են հայկական արտադրողին ու արտահանողին։ Այս ամենն արդեն հանգեցրել է բիզնեսների կրճատման, արտադրության նվազման և բազմաթիվ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացման։
Մյուս կողմից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում գործող ներկայիս քաղաքականությունը պարունակում է տնտեսական լուրջ ռիսկեր։ Առանց անվտանգության հստակ երաշխիքների և առանց ազգային տնտեսական շահերի պաշտպանության՝ Հայաստանը կարող է հայտնվել ավելի մեծ տնտեսությունների ճնշման ու ազդեցության տակ։ Սա վտանգ է ոչ միայն առանձին գործարարների, այլև մեր տնտեսական ինքնիշխանության համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համոզված է՝ պետությունն ու բիզնեսը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։
Մենք երաշխավորում ենք՝
● սեփականության իրավունքի անվերապահ պաշտպանություն և սեփականության վերաբաժանման ցանկացած վտանգավոր նախադեպի բացառում,
● բիզնեսի նկատմամբ քաղաքական ճնշումների և ընտրովի վերաբերմունքի դադարեցում,
● ներդրումային միջավայրի արմատական բարելավում՝ հստակ, կանխատեսելի և բիզնեսամետ օրենսդրական փոփոխությունների միջոցով,
● հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարում՝ Հայաստանի տնտեսությունը նոր ցնցումներից պաշտպանելու նպատակով,
● հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորված խաղաղության մոդելի ներդրում, որը հնարավորություն կտա Հայաստանին զարգանալ անվտանգ, հավասարակշռված և կայուն միջավայրում։
Մենք համոզված ենք՝ ուժեղ պետություն հնարավոր չէ կառուցել թույլ տնտեսությամբ, իսկ ուժեղ տնտեսություն հնարավոր չէ ունենալ վախի, անորոշության և քաղաքական հաշվեհարդարի պայմաններում։
Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ, որտեղ գործարարն իրեն պաշտպանված կզգա, ներդրողը վստահ կլինի ապագայի նկատմամբ։ Տնտեսությունը չի կարող լինել իշխանամետ կամ ընդդիմադիր, այն պետք է ծառայի պետության հզորացմանն ու ժողովրդի բարեկեցությանը։



