Հայ-ռուսական հարաբերությունները առաջին հերթին Հայաստանի անվտանգության, անկախության և պետականության մասին են. Մհեր Ավետիսյան
Վերջապես կարո՞ղ ենք հասկանալ, որ Հայ-ռուսական հարաբերությունները կարտոֆիլի, լոլիկի, գազի մասին չեն, այդ հարաբերությունները առաջին հերթին Հայաստանի անվտանգության, անկախության և պետականության մասին են։
Եվ չի կարելի էմոցիաներով ու տգիտությամբ փչացնել այն հարաբերությունները, որի վրա կառուցված է հայոց պետականությունը։
Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի ընտրությանը էմոցիոնալ ֆոնով՝ նշանակում է չհասկանալ, որ աշխարհաքաղաքական և խորը քաղաքական հարցերը սովորաբար լուծում են քաղաքական էլիտաները։ Խոսել այն մասին, որ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը՝ անհեթեթ է։
Նապոլեոնն ասում էր՝ երբեք մի խանգարի թշնամիներիդ, երբ նրանք սխալներ են անում։
Ռուսաստանը մեր բարեկամն է, և նա սանկցիաներ է իրականացնում Հայաստանի նկատմամբ ոչ թե, որպեսզի հայ ժողովուրդը վատ ապրի կամ մենք տուժենք, այլ, եղբայր լինելով, չի կարող նայել, թե մենք ինչպես ենք սխալներ թույլ տալիս և քանդում մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը։
Նա փորձում է այս սանկցիաներով մեզ հասկացնել, որ ամեն ինչ շատ լուրջ է, որ Ռուսաստանը կատակ չի անում և չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է իր բարեկամ և դաշնակից երկիրը ինքն իրեն տանում դեպի կործանում։
Ռուսաստանը իր գործողություններով փորձում է հասկացնել Հայաստանին, որ Արևմուտք գնալով՝ դուք գնում եք դեպի արևմտյան գերտերությունների կողմից Ռուսաստանի դեմ գործիք դառնալու ճանապարհով, այն ճանապարհով, որով ժամանակին գնացին Վրաստանն ու Ուկրաինան։
Հետևաբար Ռուսաստանի գործողությունները Հայաստանին որպես եղբայրը եղբորը ուշքի բերելու սթափեցնելու, խելքի բերելու, ճիշտ ուղու վրա դնելու փորձեր են, ոչ թե ուղղակի սանկցիաներ մեր ժողովրդին վնասելու համար։
Մհեր Ավետիսյան



