Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի և Հայաստանի անվտանգության, պատերազմի ու պետական դիմադրողականության փորձերի համեմատությունը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է դառնում քաղաքական ու հանրային քննարկումների առարկա։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման համեմատությունը լիովին անհամատեղելի է, քանի որ խոսքը տարբեր չափեր, տարբեր ռեսուրսներ, տարբեր աշխարհագրական պայմաններ և տարբեր միջազգային դերակատարումներ ունեցող պետությունների մասին է։ Սակայն խորքային մակարդակում այդ համեմատությունը կարևոր է, որովհետև այն հնարավորություն է տալիս հասկանալ ոչ միայն ռազմական կամ աշխարհաքաղաքական գործընթացները, այլև պետական մտածողության, ռազմավարական պլանավորման, ազգային կամքի, քաղաքական առաջնորդության և հասարակական դիմադրողականության միջև եղած կապը։

Գաղտնիք չէ, որ Իրանը երկար տարիներ գտնվել է աշխարհի ամենահզոր պետության՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո։ Տասնամյակներ շարունակ Թեհրանը ենթարկվել է խիստ տնտեսական պատժամիջոցների, քաղաքական մեկուսացման, դիվանագիտական ճնշումների, հատուկ ծառայությունների գործողությունների, կիբերհարձակումների և ռազմական սպառնալիքների։ Միևնույն ժամանակ, Իրանի դիմաց կանգնած է նաև Իսրայելը, որն ունի աշխարհի ամենազարգացած ռազմական և հետախուզական համակարգերից մեկը, ինչպես նաև արևմտյան առաջատար տեխնոլոգիական հնարավորություններ։ Իրանական ղեկավարությունը երբեք չի ունեցել պատրանք, թե կարող է ռեսուրսների առումով հավասարվել ԱՄՆ-ին կամ Իսրայելին։ Իրանի ռազմավարությունը կառուցված էր ոչ թե հակառակորդից ավելի ուժեղ լինելու, այլ հակառակորդի համար հաղթանակի գինը հնարավորինս բարձրացնելու տրամաբանության վրա։

Հենց այստեղ է երևում առաջին կարևոր տարբերությունը Հայաստանի և Իրանի միջև։ Իրանը տասնամյակներ շարունակ առաջնորդվել է այն գաղափարով, որ պատերազմը սկսվում է ոչ թե պատերազմի օրը, այլ շատ ավելի վաղ։ Այդ պատճառով Իրանը ձևավորեց բազմաշերտ պաշտպանական համակարգ, զարգացրեց հրթիռային կարողությունները, ստեղծեց ապակենտրոնացված հրամանատարական կառույցներ, ներդրեց ռազմական արդյունաբերություն, կառուցեց ստորգետնյա ենթակառուցվածքներ և պատրաստեց հասարակությանը երկարատև դիմակայության պայմաններին։ Իրանի ռազմավարական մտածողության առանցքում գտնվում էր այն համոզմունքը, որ եթե հակառակորդը վստահ լինի, որ հաղթանակը հեշտ է լինելու, ապա պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ եթե հաղթանակը դառնա չափազանց թանկ, ապա նույնիսկ ամենահզոր պետությունները ստիպված կլինեն բանակցել։ Իրանը նաև հասկացել էր, որ ժամանակակից աշխարհում պատերազմը միայն ճակատային մարտ չէ։ Այդ պատճառով ստեղծվեց, այսպես կոչված, «դիմադրության առանցքը», որի միջոցով Թեհրանը տարիներ շարունակ ընդլայնեց իր ազդեցությունը տարածաշրջանում։

Անկախ նրանից, թե ինչպես են տարբեր երկրներ գնահատում այդ քաղաքականությունը, փաստ է, որ Իրանը ձգտում էր իր անվտանգության գոտիները տեղափոխել սեփական սահմաններից դուրս։ Այսինքն, հնարավոր ճակատամարտերը պետք է տեղի ունենային ոչ թե Թեհրանի մատույցներում, այլ տարածաշրջանի այլ հատվածներում։ Սա դասական ռազմավարական մտածողություն է, որի նպատակն է նվազեցնել անմիջական սպառնալիքը սեփական պետության նկատմամբ։

Մյուս կարևոր հանգամանքը աշխարհագրական և տնտեսական լծակների օգտագործումն էր։ Իրանը գիտակցում էր, որ ռազմական հզորությամբ չի կարող մրցել Միացյալ Նահանգների հետ, սակայն ուներ մի կարևոր առավելություն՝ աշխարհագրական դիրքը։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցներից մեկն է, և Իրանը մշտապես փորձել է այդ գործոնը ներառել իր անվտանգության հաշվարկներում։ Երբ պետությունն ունի ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք, այդ դիրքը կարող է վերածվել քաղաքական ազդեցության գործիքի։ Իրանական ռազմավարությունը հենց այսպիսի քայլի էլ դիմեց։

Եթե այս ամենը համեմատենք Հայաստանի իրավիճակի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ խնդիրը միայն ռեսուրսների պակասը չէր։ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմն արդեն ցույց էր տվել, որ Ադրբեջանը շարժվում է ռազմական լուծման ուղղությամբ։ Այդ պատերազմը պետք է դառնար ահազանգ, որը կստիպեր ամբողջ պետական համակարգին անցնել արագ վերակազմավորման, բանակի արդիականացման, պաշտպանական նոր հայեցակարգի մշակման և հասարակության պատրաստման ճանապարհով։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նման համակարգային մոտեցում չի ձևավորվել։ Առավել ևս 2018 թվականից հետո երկիրը գնաց լրիվ հակառակ ճանապարհով:

2020 թվականի պատերազմը բացահայտեց ոչ միայն տեխնոլոգիական անհավասարությունը, այլև կառավարման, պլանավորման և ռազմավարական պատրաստվածության խնդիրները։ Պատերազմի ընթացքում հաճախ ստեղծվում էր տպավորություն, որ պետական համակարգը գործում է իրավիճակային տրամաբանությամբ և չունի երկարաժամկետ մշակված հակազդման ծրագիր։ Այն, որ պատերազմի ընթացքում հանրային դիսկուրսում առանցքային տեղ զբաղեցրին կամավորական ջոկատների ձևավորման հարցերը, ինքնին վկայում էր, որ պետությունը փորձում էր լրացնել այն բացերը, որոնք պետք է լրացված լինեին խաղաղ ժամանակաշրջանում։

Հաճախ որպես պարտության հիմնական բացատրություն ներկայացվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմի ընթացքում։ Անկասկած, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին վճռորոշ նշանակություն ուներ։ Սակայն պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ավելի թույլ պետությունները կարողացել են խուսափել ռազմավարական պարտությունից նույնիսկ շատ ավելի ուժեղ հակառակորդների դեմ պայքարում։ Պետության խնդիրը ոչ թե հակառակորդից ուժեղ լինելն է, այլ իր հնարավորություններն այնպես կազմակերպելը, որ հակառակորդը չկարողանա հասնել իր նպատակներին նվազագույն գնով։

Այս համատեքստում հաճախ բարձրացվում է նաև Հայաստանի կողմից ունեցած հնարավոր լծակների չօգտագործման հարցը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական տնտեսության մեջ զգալի մասնաբաժին են կազմում նավթագազային եկամուտները և դրանց արտահանման ենթակառուցվածքները։ Տեսականորեն այդ ենթակառուցվածքները կարող էին դիտարկվել որպես ռազմավարական ճնշման միջոցներ։ Սակայն անկախ նրանից, թե որքանով էր գործնականում հնարավոր նման գործողությունների իրականացումը, փաստ է, որ հայկական կողմը հիմնականում գործել է պաշտպանական և արձագանքող տրամաբանությամբ, այլ ոչ թե հակառակորդի ռազմավարական հաշվարկները փոխելու տրամաբանությամբ։

Հետագա զարգացումները ևս խորացրին այս ընկալումները։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում Ադրբեջանին փոխանցվեցին նաև այն տարածքները, որոնք ռազմական ճանապարհով դեռևս չէին անցել նրա վերահսկողության տակ։ Այս հանգամանքը հետագայում ադրբեջանական քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից ներկայացվեց որպես կարևոր ձեռքբերում, քանի որ որոշ շրջանների նկատմամբ ռազմական գործողությունները կարող էին ենթադրել զգալի կորուստներ։ Սակայն խնդիրն այն է, որ հայկական կողմը նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից հետո լիովին անիմաստ համարեց պայքարի ճանապարհը։ Ու հետագա իրադարձություններն այնպիսի իրավիճակ ձևավորեցին, որ նույնիսկ Ադրբեջանում էին զարմացած իրենց կտրուկ հաջողությունից։

Արդյունքում հայկական իրականության մեջ ամրապնդվեց այն ընկալումը, որ պետական քաղաքականության առանցքում աստիճանաբար ավելի ու ավելի է գերակշռում ռիսկերի նվազեցման միջոցով նոր զիջումների գնալու մոտեցումը։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պնդում են, որ իրենց քաղաքականությունը բխում է ուժերի իրական հարաբերակցությունից և նպատակ ունի կանխել ավելի լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Այս երկու մոտեցման միջև հակասությունն այսօր դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական բանավեճերից մեկը։

Սակայն խնդիրը միայն տարածքների կամ ռազմական հաշվեկշիռը չէ։ Պետությունների դիմադրողականությունը ձևավորվում է նաև հոգեբանական և գաղափարական հարթություններում։ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ պետությունը երկար ժամանակ կարող է պահպանել պայքարելու կամքը նույնիսկ ծանր տնտեսական և ռազմական ճնշումների պայմաններում, եթե հասարակության մեջ առկա է դիմադրության գաղափարի շուրջ ձևավորված համախմբում։

Միևնույն ժամանակ, պատմությունը ցույց է տալիս նաև, որ միայն կամքն էլ բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կազմակերպվածությամբ, ռազմավարությամբ, ինստիտուցիոնալ պատրաստվածությամբ և ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ։

Հայաստանի համար Իրանի փորձի հիմնական դասը, հավանաբար, ոչ թե հակամարտությունների կամ արտաքին քաղաքականության կոնկրետ մոդելների կրկնօրինակումն է, այլ պետական մտածողության բնույթը։

Իրանը տարիներ շարունակ պատրաստվել է այն սցենարին, որը համարել է ամենավտանգավորը։ Հայաստանի դեպքում հենց այդ կանխատեսման և նախապատրաստման բաղադրիչն է եղել ամենաթույլ օղակներից մեկը։ Պետությունները հաճախ պարտվում են ոչ միայն այն պատճառով, որ հակառակորդն ավելի ուժեղ է, այլ նաև այն պատճառով, որ չեն հասցնում հարմարվել փոփոխվող իրականությանը։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին