Հակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրիի Վարդբաղ 1-ի միկրոշրջանի 2-րդ շենքի բնակիչները Oragir.News-ին ահազանգել են, որ իրենց շենքի նկուղները տևական ժամանակ է՝ ողողված են կոյուղաջրերով, իսկ գարշահոտությունն այնքան անտանելի է, որ, իրենց խոսքով, «շենքի կողքով հակագազով պիտի անցնես»։
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ խնդիրը նոր չէ․ կոյուղաջրերը պարբերաբար լցվում են նկուղային հատվածներ և ամբողջ շենքով մեկ տարածվում է սուր գարշահոտություն, իսկ բնակիչները ստիպված են այդ պայմաններում մտնել ու դուրս գալ սեփական տներից։
«Կոյուղաջրերի միջով ենք տուն մտնում։ Ամռան շոգին վիճակն ավելի է ծանրանում՝ հոտը տարածվում է ամբողջ շենքով, պատուհան չենք կարողանում բացել, երեխաներին էլ չենք թողնում դուրս գան շենքի բակ»,– նշում են բնակիչները։
Նրանց խոսքով՝ խնդրի մասին բազմիցս տեղեկացրել են ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերությանը, այնպես էլ Գյումրու համայնքապետարանին, սակայն մինչ օրս հարցին վերջնական լուծում չի տրվել։
Բնակիչները պնդում են, որ պատասխանատու կառույցները կամ իրար վրա են գցում պատասխանատվությունը, կամ խնդիրը լուծելու փոխարեն սահմանափակվում են ժամանակավոր քայլերով, որոնք արդյունք չեն տալիս։
Բնակիչները մտահոգված են ոչ միայն կենցաղային ծանր պայմաններով, այլև առողջապահական վտանգներով։
Նրանց խոսքով՝ կոյուղաջրերով ողողված նկուղները կարող են դառնալ վարակների, միջատների ու առնետների տարածման օջախ, մինչդեռ պատկան մարմինները շարունակում են անտեսել խնդիրը։
Վարդբաղ 1-ի 2-րդ շենքի բնակիչները պահանջում են, որ պատասխանատու կառույցները ոչ թե հերթական այցով կամ խոստումներով սահմանափակվեն, այլ վերջապես վերացնեն խնդրի պատճառը՝ ապահովելով նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ բազմաբնակարան շենքում ապրող մարդկանց համար։
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ «Վեոլիա ջուր» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն Գևորգ Վարոսյանից, բայց ինչպես սպասելի էր, նա մեր զանգերն անպատասխան թողեց։
Մանրամասները` տեսանյութում։
Հետևեք մեզ՝ այստեղ



