20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Սարատով քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը, ըստ իրավապահների, ներգրավված է եղել հեռախոսային խարդախության սխեմայում և խաբված թոշակառուներից գումար է հավաքել։ Նախնական տվյալներով՝ նա խարդախներին փոխանցել է ընդհանուր առմամբ մոտ 6 միլիոն ռուբլի (25,668,600 դրամ)։
Ինչպես հայտնում է Past.am-ը, խարդախները զանգահարել են Վոլգոգրադի մարզում բնակվող տարեցներին և տարբեր պատրվակներով փորձել համոզել նրանց հանձնել իրենց խնայողությունները։ Որոշ դեպքերում նրանք ներկայացել են որպես պաշտոնյաներ և հայտնել, թե իբր քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել իրենց ունեցվածքը։
Հեռախոսազանգերից հետո թոշակառուների բնակարաններ են ուղարկվել սուրհանդակներ, որոնք վերցրել են կանխիկ գումարը և փոխանցել խարդախության կազմակերպիչներին։
Ձերբակալված 20-ամյա երիտասարդը Նովոռոսիյսկի բնակիչ է։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքից ընդամենը մի քանի օր առաջ նա Վոլգոգրադի 84-ամյա բնակչից վերցրել էր 900 հազար ռուբլի (3 850 435 դրամ)։ Այնուհետև գումարը տեղափոխել էր Սարատով և փոխանցել խարդախներին՝ իր համար պահելով պայմանավորված վարձատրությունը։
Հարցաքննության ընթացքում երիտասարդը, ըստ իրավապահների, խոստովանել է, որ նախկինում ևս նման հանձնարարություններ է կատարել։ Նրա խոսքով՝ Տագանրոգում թոշակառուներից նա ընդհանուր առմամբ հավաքել է մոտ 5,5 միլիոն ռուբլի (23 530 760 դրամ)։ Երիտասարդը պնդել է, որ նման «աշխատանքի» առաջարկը գտել է սոցիալական ցանցերում։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով։ Խարդախության կազմակերպիչների ինքնությունը դեռևս չի պարզվել, և քննությունը շարունակվում է։
Ռուսաստանում վերջին շրջանում նմանատիպ դեպքերի շարքում արձանագրվել են նաև այլ ձերբակալություններ։ Սարատովի մարզում, մասնավորապես, տարեց ամուսինները խարդախների պահանջով սուրհանդակներին փոխանցել էին 2,4 միլիոն ռուբլի (10 267 968 դրամ)։ Ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել խարդախության սխեմային ներգրավված երկու սուրհանդակների։
Իրավապահները կրկին հորդորում են քաղաքացիներին զգուշանալ հեռախոսային զանգերից, որոնց ընթացքում անծանոթները պահանջում են փոխանցել գումար կամ այն հանձնել «սուրհանդակներին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



