Ճահճում դիակ է հայտնաբերվել․ իր յոթամյա խորթ որդուն սպանած թմրամոլը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կալինինգրադի մարզում դատարանը Սերգեյ Գամմային դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 7-ամյա խորթ որդուն ծեծելով սպանելու համար։ Երեխայի մայրը՝ Անաստասիա Գամման, նույնպես դատապարտվել է՝ ստանալով 6 տարվա ազատազրկում և զրկվելով ծնողական իրավունքներից։
Դատախազության փոխանցմամբ՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել անչափահասի սպանության, խոշտանգումների, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու և երեխային անօգնական վիճակում թողնելու համար։ Մայրը մեղավոր է ճանաչվել խոշտանգումներին օժանդակելու և երեխաների դաստիարակության պարտականությունները չկատարելու համար։
Քննությամբ պարզվել է, որ երեխաները շուրջ մեկուկես տարի ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնության։ 2025 թվականի հունվարի վերջին Սերգեյ Գամման, ըստ քննության, թմրանյութերի ազդեցության տակ ծեծել է 7-ամյա խորթ որդուն։ Տղամարդը երեխային բազմաթիվ հարվածներ է հասցրել, ինչից հետո տղայի առողջական վիճակը ծանրացել է։ Շտապօգնություն չեն կանչել, և երեխան մահացել է։
Դրանից հետո խորթ հայրը, ըստ գործի նյութերի, երեխայի մարմինը թաքցրել է, քաղաքից դուրս տեղափոխել և նետել ճահճուտ։ Մի քանի օր անց երեխայի մայրը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, թե որդին անհետացել է։ Տղայի մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը, իսկ խորթ հայրը ձերբակալվել է։
Գործի ընթացքում նաև բացահայտվել են ընտանիքում երեխաների նկատմամբ նախկինում տեղի ունեցած բռնության բազմաթիվ դրվագներ։ Քննիչների տվյալներով՝ 12-ամյա աղջիկը ևս պարբերաբար ծեծի է ենթարկվել։ 2024 թվականին նրա վրա բռնության հետքեր էին նկատել նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցները, որոնք այդ մասին տեղեկացրել էին իրավապահներին։
Ըստ հրապարակված տվյալների՝ երեխաներից մեկը մահից կարճ ժամանակ առաջ ևս դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքը և քույրը վախենում են խորթ հորից և տանը ենթարկվում են ծեծի։ Այս տեղեկությունների հիման վրա իրավապահների գործողությունների վերաբերյալ ևս քննություն է իրականացվում։
Դատարանում Սերգեյ Գամման փորձել է ներկայացնել իր գործողությունները որպես երեխաներին «կարգ ու կանոն սովորեցնելու» միջոց՝ պնդելով, որ բռնությունը համակարգված չի եղել։ Նա նաև ասել է, որ չի ցանկացել սպանել տղային և շարունակում է նրան իր որդին համարել։
Դատական նիստերից մեկի ժամանակ տղամարդը նույնիսկ խնդրել է իրեն ուղարկել հատուկ գործողությունների գոտի՝ հայտարարելով, որ ցանկանում է «կյանքի գնով» քավել իր մեղքը։
Մահացած երեխայի մայրը, ըստ քննության տվյալների, գիտեր, որ որդին մահացել է, սակայն պնդել է, որ չի իմացել, թե որտեղ է տղամարդը թաքցրել մարմինը։ Նա նաև հայտարարել է, որ վախեցել է ամուսնուց։
Դատարանը, հաշվի առնելով մեղադրող կողմի դիրքորոշումը, Սերգեյ Գամմային դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Նրա կնոջ նկատմամբ սահմանվել է 6 տարվա ազատազրկում, ինչպես նաև ծնողական իրավունքներից զրկում՝ 3 տարով։
Հետևեք մեզ՝ այստեղ



