ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն աննկատելիորեն երկարաձգում է ԱՄՆ զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում՝ բարձրացնելով այն հավանականությունը, որ Իրանի դեմ գործողությունը կարող է չավարտվել այս տարի. հայտնել է The Wall Street Journal-ը։
Հրապարակումը հիշեցնում է, որ Մերձավոր Արևելքում գործում են ԱՄՆ ռազմածովային ուժերի 19 նավ, կործանիչ էսկադրիլիաներ, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և դեսանտայիններ՝ նշելով, որ տարածաշրջանում երկարատև տեղակայումը բացասաբար է անդրադառնում զինծառայողների բարեկեցության վրա և խոչընդոտում է ռազմական տեխնիկայի պատշաճ պահպանմանը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի աջակցում է Թեհրանի դեմ ռազմական գործողությունների ավարտը հայտարարելու գաղափարին և կարծում է, որ Իսլամական Հանրապետության վրա տնտեսական ճնշում գործադրելը թույլ կտա Վաշինգտոնին հասնել իր նպատակներին։ Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում մնում է 50,000 զինվոր. ընդգծում է պարբերականը։
The New York Post-ը, հղում անելով տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ Օմանը մերժել է Հորմուզի նեղուցով նավագնացության համար համատեղ վճարներ գանձելու Իրանի առաջարկը։ Մուսկատը մերժել է անգամ Հորմուզի նեղուցում անվտանգությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու կամավորական նվիրատվությունների գաղափարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախումից խուսափելու համար:
Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դիմել գաղտնի դիվերսիոն գործողությունների՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար:



