ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ մի քանի բալիստիկ հրթիռներով հարվածել է ամերիկյան ավիակրին և ականակրին, որոնք ստացած վնասների հետևանքով ստիպված են եղել լքել հակամարտության գոտին, հաղորդում է Mehr-ը։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան նավերը ենթարկվել են հարձակման իրանական նավերի հետապնդման և Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակմանը մասնակցելու համար։
Իրանական կողմի վարկածով՝ ԱՄՆ-ը ստիպված է եղել պաշտոնապես ընդունել իր երկու նավերի վրա հարձակման փաստը։ ԻՀՊԿ-ում դա անվանել են ԱՄՆ-ի ռազմավարական պարտության «կենդանի ապացույց» և իրանական զինված ուժերի հարձակողական հնարավորությունների վկայություն։
Պահապանների կորպուսը նաև զգուշացրել է Վաշինգտոնին իրանական զինված ուժերի կողմից «սարսափելի պատասխանների» մասին, եթե շարունակվեն թշնամական գործողությունները։
«Մենք ավելի ուժեղ ենք կանգնած, քան երբևէ։ Հաղթանակը պատկանում է իսլամական Իրանի տոկուն ժողովրդին, իսկ պարտությունն ու ափսոսանքը ագրեսորների անխուսափելի ճակատագիրն են», — հայտարարել են ԻՀՊԿ-ում։



