Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները միտված են ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների իրականացման համար լրացուցիչ երաշխիքների ամրագրմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմանների ստեղծմանը: Օրինակ՝ օրենքում լրացվել են դրույթներ, որոնցով ձերբակալված կամ կալանավորված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք և հավասար իրացման համար ստեղծվում են հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված հնարավորություններ։ Մասնավորապես, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերը հնարավորության սահմաններում պետք է ապահովվեն մատչելի միջավայրով (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ, մահճակալներ, զբոսանքի վայրերի հասանելիություն), տեղեկատվություն ստանալու և հաղորդակցվելու պայմաններով (ձայնագրող սարքեր, գրենական պիտույքներ, հաղորդակցության աջակցող այլ միջոցներ)։ Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են առանձնահատկություններ՝ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ ստանալու իրավունքի, զբոսանքի համար ավելի երկար ժամանակ հատկացնելու մասով։
Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով շեշտվել է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը երաշխավորում է անձանց անձնական տվյալների պաշտպանությունը և իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ հայտնել այլ անձանց, եթե վերջինս գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին։ Բացի այդ, նախագծով նշվել է, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական գործին կարող են ծանոթանալ վերջիններս և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք։ Այս նպատակով, բժշկական գաղտնիքի պահպանումը երաշխավորելու համար սահմանվել է նաև կարգավորում, որի համաձայն, այլ անձանց ներկայությունը բժշկական զննությանը չի թույլատրվում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Նախագծով ամրագրվել է կալանավորված անձի աշխատանքի վարձատրության իրավունքը և այն, որ աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն։
Սահմանվել է կալանավորված անձին պատժախցում պահելու առավելագույն ժամկետ, որի համաձայն վերջինս անընդմեջ պատժախցում կարող է պահվել 20 օրից ոչ ավելի։ Այս դրույթի բացակայության պայմաններում նախկինում կալանավորված անձը անընդմեջ կարող էր մեկուսի պահվել պատժախցում։
Ձերբակալված կանանց համար ամրագրվել է իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա պահելու հնարավորությունը (գործող օրենքում նման կարգավորումը սահմանված էր միայն կալանավորված անձանց մասով)։ Ամրագրվել է, որ նամակները գրաքննության չեն ենթարկվում, իսկ նամակագրության վերահսկողությունը պետք է սահմանափակվի արտաքին զննմամբ՝ արգելված առարկաների փոխանցումը բացառելու նպատակով, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու։
Կալանավորված անձանց համար սահմանվել է մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու կարճատև, իսկ վեց ամսվա ընթացքում՝ առնվազն մեկ երկարատև տեսակցության հնարավորություն իր երեխայի հետ այն պարագայում, երբ երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում։ Տեսակցության ծախսերն ապահովում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, եթե կալանավորված անձի անձնական հաշվին պահանջվող գումարը բացակայում է: Նման հնարավորություն ներկայումս սահմանված է միայն դատապարտյալների համար։
Օտարերկրյա քաղաքացի ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների լիարժեք իրացման համար նախատեսվել է անվճար թարգմանչական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սահմանվել են մի շարք այլ դրույթներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



