14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Գորոդեց քաղաքում 14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ։ Տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի սկզբում՝ տաքացման վարժությունների և թեթև վազքի ընթացքում, ինչից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնել է Նիժնի Նովգորոդի մարզի կրթության նախարար Միխայիլ Պուչկովը։
Դպրոցի բուժքույրը անմիջապես սկսել է առաջին օգնություն ցուցաբերել, իսկ դպրոցի աշխատակիցները շտապօգնություն են կանչել։ Բժշկական բրիգադը դպրոց է հասել մոտ 7 րոպե անց, սակայն վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել, և երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի հանգամանքներն ու երեխայի մահվան պատճառը դեռևս պարզված չեն։ Պաշտոնական աղբյուրները հորդորում են չանել վաղաժամ եզրակացություններ, քանի դեռ քննությունը չի ավարտվել։
Միաժամանակ, սոցիալական ցանցերում տարածվել են տեղեկություններ, թե դասից առաջ որոշ աշակերտներ, հնարավոր է, վեյփ են օգտագործել։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, և այս պահին որևէ հիմք չկա այն կապելու 14-ամյա տղայի մահվան հետ։
Իրավապահները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։
Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ պաշտոնական նորություններին և կտեղեկացնի, եթե հայտնի դառնան դպրոցականի մահվան պատճառները։



