Դեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլը
ՍՊՈՐՏԵրևանի «Նոան» սկսել է իր ապագա մարզադաշտի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս ուղղությամբ առաջին մեծածավալ քայլն արդեն արված է:
Մասնավորապես, 130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ, ինչի արդյունքում տարածքն ազատվել է շինարարության հաջորդ փուլերի համար։
Ակումբից հայտնում են, որ ամբողջությամբ ապամոնտաժվել են հատկացված հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները: Մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքներ, և տեղադրվել է 13 040 մետր մալուխ:
Բացի այդ, ակումբի նախաձեռնությամբ կառուցվել է պահուստային գիծ, որը զգալիորեն կբարձրացնի նաև հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը։
«Նոայից» նաև տեղեկացնում են, որ շուտով հանրությանը կներկայացվի եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտի նախագիծը, որից հետո արդեն կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները։
«Դեպի հայկական մեծ երազանք», — եզրափակվում է ակումբի տարածած հաղորդագրությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ



