Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը արձագանքել է «Բարսելոնայի» 19-ամյա վինգեր Լամին Յամալի վերջին հայտարարություններին՝ կապված «Ոսկե գնդակի» քվեարկության հետ:
Յամալը նշել էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պարտադիր չէ, որ բաժին հասնի ամենաշատ գոլեր խփած խաղացողին, և հավելել էր, որ իրեն ու Կիլիան Մբապեին է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Իսպանացու այս խոսքերն ակնհայտորեն փորձ էին՝ մեծացնելու իր շանսերը և ստվերելու արդյունավետությամբ աչքի ընկնող մրցակիցներին։
Sky Sport Germany-ի լրագրող Քերի Հաուի հետ զրույցում Մաքս Էբերլը բավականին խոսուն և հեգնական պատասխան է տվել իսպանացուն.
«Իհարկե, նրան պետք է PR արշավ վարել: Սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն»:
Յամալի ակնարկն առաջին հերթին ուղղված էր «Բավարիայի» ռմբարկու Հարի Քեյնի դեմ: Հիշեցնենք, որ Քեյնն արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»՝ Բունդեսլիգայի 2025/2026 մրցաշրջանի 31 խաղում դառնալով 36 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, անգլիացի հարձակվողը ակումբի և հավաքականի կազմում անցկացրած նախորդ մրցաշրջանի 67 հանդիպումներում խփել է 73 գնդակ՝ գրանցելով ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն այս ցուցանիշով:
Մինչ Յամալը հանդես է գալիս հայտարարություններով, մյունխենցիներն ապացուցում են դաշտում: «Ունիոն Բեռլինի» դեմ վերջին խաղում «Բավարիան» քարը քարի վրա չթողեց մրցակցից՝ հաղթելով 7:0 հաշվով: Քեյնը դարձավ դուբլի հեղինակ, Մայքլ Օլիսեն՝ հեթ-տրիկի, ևս մեկական գնդակ էլ խփեցին Ջամալ Մուսիալան և Իսմայել Սաիբարին: Կարծես թե կատալոնացու խոսքերը լրացուցիչ մոտիվացիա էին հաղորդել մյունխենյան գրանդի հարձակման գծին:
Հիմա գնդակը Յամալի կիսադաշտում է: «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղում նա պետք է իր խոսքերն ամրապնդի գործով: Բայց, ինչպես նկատում են փորձագետները, կատալոնացին ինքն իրեն փակուղու առաջ է կանգնեցրել․ եթե նա գոլ խփի, կհակասի իր իսկ պնդմանը, թե գոլերն այդքան էլ կարևոր չեն, իսկ եթե աչքի չընկնի արդյունավետ գործողություններով, կարժանանա կոշտ քննադատության՝ միայն խոսելու, բայց արդյունք չապահովելու համար:



