Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան
ԲԼՈԳՇնորհավոր Անկախության տոնը, Հայաստա՛ն։
Անկախության այս տարիներին մենք երկար ու դժվար ճանապարհ ենք անցել։ Ունեցել ենք հաղթանակներ ու պարտություններ, հույսեր ու հիասթափություններ, հպարտության պահեր ու ծանր փորձություններ։ Կորցրել ենք շատ բան, բայց նաև շատ բան ենք սովորել։
Այսօր առավել քան երբևէ պետք է հիշենք մի պարզ ճշմարտություն․ Հայաստանը իշխանություն չէ, ընդդիմություն չէ, կուսակցություն կամ քաղաքական ճամբար չէ։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս։
Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է։ Եվ մեր ժողովուրդն անբաժանելի է։
Խոնարհում և հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքի համար։ Նրանց հիշատակը ոչ միայն մեր ցավն է, այլև մեր պարտքը՝ ապրողների պարտքը շարունակելու, կառուցելու և զորացնելու այն երկիրը, որի համար նրանք չխնայեցին ամենաթանկը։
Մեր առջև դեռ շատ գործ կա։ Պետք է ամրացնենք մեր պետությունը, վերականգնենք հավատը մեր ուժերի և միմյանց հանդեպ, կառուցենք այնպիսի Հայաստան, որտեղ մեր զավակները կուզեն ապրել, արարել և մեծացնել իրենց երեխաներին։
Մենք շատ բան ենք անցել։
Շատ բան ենք կորցրել։
Բայց դեռ շատ բան ունենք անելու։
Եվ ես հավատում եմ՝ Հայաստանի լավագույն օրերը դեռ առջևում են։
Մենք մեկ Հայրենիք ունենք։
Եվ մեզանից յուրաքանչյուրն այդ Հայրենիքի համար դեռ անելիք ունի։
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն։
Շնորհավոր Անկախության օրը։



