Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցում՝ «Արև» սուպերմարկետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ու այդ ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Այնուհետև ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 18:30-ի սահմաններում Միկոյան 15 շենքի «Արև» սուպերմարկետի մոտ Երևանի բնակիչ 19-ամյա Ջիվան Թ.-ն, Լոռու մարզի բնակիչներ 17-ամյա Արման Հ.-ն, 19-ամյա Հովիկ Հ.-ն, Երևանի բնակիչներ 25-ամյա Լևոն Ա.-ն, 16-ամյա Տիգրան Թ.-ն, 18-ամյա Ավետ Մ.-ն անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Երևանի բնակիչ 37-ամյա մի կնոջ նկատմամբ, ինչի հետևանքով վիճաբանություն է ծագել 37-ամյա կնոջ, նրա 59-ամյա հոր, 60-ամյա մոր միջև, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Ջիվան Թ․-ն և նրա հետ եղած նշված անձինքն ծեծի են ենթարկել 37-ամյա կնոջը, նրա հորն ու մորը, ինչի հետևանքով վերջիններին պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Տեսնելով, որ իրավիճակը շիկանում է, ծեծված կնոջ հայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախազգուշական 2 անգամ օդ է կրակում, որից հետո «ճիվաղները» դիմում են փախուստի։
Կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանում համայնքային ոստիկանները հայտնաբերում են ծեծված կնոջ հորը և տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք ատրճանակը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև «BMW X7» մակնիշի ավտոմեքենան, որով կռվի մասնակիցներից մեկը հեռացել էր դեպքի վայրից։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար։



