Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սահմանադրական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 15-ի ՍԴՈ-1840 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց ԹՐԻՓՓ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Սակայն որոշումը չի պատասխանում համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ առանցքային հարցերին։ Դատարանն ըստ էության բավարարվել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաշարադրմամբ՝ չհիմնավորելով, թե ինչպես են դրանք համատեղվում Սահմանադրության պահանջների, մասնավորապես՝ խորհրդարանի լիազորությունների և սեփականության իրավունքի երաշխիքների հետ։

Որոշման հիմնական մասը համաձայնագրի նպատակների, դրույթների և Հայաստանի պարտավորությունների շարադրանքն է։ Իսկ սահմանադրական գնահատականը ներկայացված է 12-րդ կետում՝ մեկ ընդհանուր եզրակացությամբ․ պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ինքնիշխան պետության հայեցակարգին և 13-րդ հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության նպատակներին։

Սակայն ծրագրի խաղաղասիրական նպատակները կամ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու մասին դրույթներն ինքնին չեն պատասխանում այլ հարցերի։ Կարո՞ղ է խորհրդարանը համաձայնել օրենսդրական շեղումների, որոնց բովանդակությունը դեռ որոշված չէ։ Կարո՞ղ է պետությունը նախապես պարտավորվել ապահովել հողերի օտարումը, երբ յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին հիմնավորվի դրա սահմանադրական թույլատրելիությունը։

Համաձայնագրի այս երկու հիմնական սահմանադրական խնդիրներին դատարանը պազապես չի անդրադարձել:

Համաձայնություն մի բանի շուրջ, որը դեռ որոշված չէ

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 6-րդ կետով Հայաստանը պարտավորվում է ընդունել շեղումներ իր օրենսդրությունից՝ բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտներում։ Սակայն չի նշվում՝ կոնկրետ ինչ շեղումներ են նախատեսվում, ինչ շրջանակով և ում համար։

Դրանց բովանդակությունը թողնված է հետագայում կնքվելիք Բաժնետիրական համաձայնագրին և ընկերության կանոնադրությանը։ Բաժնետիրական համաձայնագիրը կարգավորվելու է ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի իրավունքով։ Այդ առևտրային փաստաթղթերը չեն անցնելու միջազգային պայմանագրի համար նախատեսված խորհրդարանական վավերացման և նախնական սահմանադրական ստուգման ընթացակարգերը։

ՍԴ-ն այս պարտավորությունը վերարտադրել է որոշման 6.3-րդ կետում։ Բայց չի պատասխանել գլխավոր հարցին՝ արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է նախապես համաձայնել օրենսդրությունից այնպիսի շեղումների, որոնց բովանդակությունը հետագայում որոշվելու է այլ փաստաթղթերով։

Խնդիրը պարզապես այն չէ, որ որոշ մանրամասներ ճշտվելու են ավելի ուշ։ Խոսքը հենց օրենքից շեղումների բովանդակության մասին է։ Վավերացնելով համաձայնագիրը՝ խորհրդարանը Հայաստանին կկապի միջազգային պարտավորությամբ, իսկ դրա կոնկրետ շրջանակը կհստակեցվի դրանից հետո։ Այդ պահին նախատեսվող շեղումներից հրաժարվելը կարող է արդեն առաջացնել համաձայնագրի խախտման հարց։

Սահմանադրության 116-րդ հոդվածը խորհրդարանին է վերապահում, մասնավորապես, ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսող և օրենքների փոփոխություն պահանջող միջազգային պայմանագրերի վավերացումը։ Այդ լիազորությունը բովանդակային իմաստ ունի միայն այն դեպքում, երբ խորհրդարանը կարող է հասկանալ, թե ինչի է համաձայնում։ ՍԴ որոշումը չի բացատրում, թե ինչպես է այդ պահանջը պահպանվում այս դեպքում։

Թարգմանական տարբերությունները ևս մնացել են չքննարկված

Խնդիրն ավելի են բարդացնում համաձայնագրի հայերեն և անգլերեն տեքստերի տարբերությունները։

Ըստ հայերեն տեքստի Հայաստանը համաձայնում է «բացառություններ նախատեսել … Հայաստանի օրենսդրությամբ»։ Անգլերենում, սակայն, խոսքը Հայաստանի օրենսդրությունից շեղումներ ընդունելու մասին է՝ առանց դրանք օրենքով սահմանելու նույնպիսի հստակ պահանջի։

Նույն կերպ հայերեն տեքստում ասվում է, որ բացառությունները պետք է «նշվեն» առևտրային փաստաթղթերում, իսկ անգլերենում՝ «սահմանվեն»։ Մի դեպքում փաստաթուղթը կարող է պարզապես վերարտադրել արդեն ընդունված կանոնը, մյուս դեպքում՝ որոշել դրա բովանդակությունը։

Այլ տարբերություններ ևս կան։ Օրինակ՝ 4-րդ հոդվածի 4-րդ կետի անգլերեն տեքստում կոնցեսիոն պայմանագիր կնքելու Հայաստանի պարտավորությունը կապվում է ընկերության ծանուցման հետ։ Հայերենում այդ ձևակերպումը բացակայում է։ Իսկ Հայաստանի «վետոն» անգլերենում բաժնետիրոջ իրավունք է, մինչդեռ հայերեն շարադրանքից կարող է թվալ, թե այն Հայաստանին վերապահված է որպես համաձայնագրի կողմ հանդիսացող պետության։

Համաձայնագիրը չի սահմանում, թե լեզվական տարբերությունների դեպքում որ տեքստն է գերակայում։ ՍԴ-ն վերարտադրել է հայերեն ձևակերպումները՝ չքննարկելով այդ տարբերությունների ազդեցությունը Հայաստանի պարտավորությունների ծավալի վրա։

Հաշվի առնելով նախաձեռնության ամերիկյան ծագումն ու տեքստի՝ սկզբնապես անգլերեն կազմված լինելու հանգամանքը՝ այս տարբերությունները, ամենայն հավանականությամբ, թարգմանական սխալների հետևանք են։ Բայց դրանց պատճառը չի վերացնում խնդիրը․ հայերեն տարբերակի ավելի մեղմ ձևակերպումները բավարար հիմք չեն Հայաստանի պարտավորություններն ավելի սահմանափակ համարելու համար։ Առավել ևս, որ երկու տարբերակներում էլ ապագա շեղումների բովանդակությունն անորոշ է։

Հողերի օտարման արդյունքը խոստացվում է նախապես

Երկրորդ հիմնական խնդիրը վերաբերում է ծրագրի իրականացման տարածքների հողերին։ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով Հայաստանը պարտավորվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել, որ այդ հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականություն՝ ազատված ծանրաբեռնվածություններից և երրորդ անձանց իրավունքներից։ Բոլոր ֆինանսական ծախսերը նույնպես կրելու է Հայաստանը։

ՍԴ-ն այս պարտավորությունը վերարտադրել է որոշման 6.11-րդ կետում, սակայն չի քննարկել դրա հարաբերակցությունը սեփականության իրավունքի սահմանադրական պաշտպանության հետ։

Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը հանրության գերակա շահերի համար սեփականության օտարումը թույլատրում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ նախնական ու համարժեք փոխհատուցմամբ։ Հետևաբար յուրաքանչյուր հողամասի դեպքում պետք է իրական հնարավորություն լինի ստուգելու օտարման հիմքերը և, դրանց բացակայության դեպքում, հրաժարվելու օտարումից։

Բայց եթե պետությունը միջազգային համաձայնագրով նախապես պարտավորվել է ապահովել հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերումը և երրորդ անձանց իրավունքների վերացումը, ի՞նչ է տեղի ունենում, երբ կոնկրետ հողամասի օտարումը սահմանադրորեն անթույլատրելի է։ Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել դրանից՝ առանց միջազգային պարտավորությունը խախտելու։

Համաձայնագրում առկա՝ «Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող» միջոցներ ձեռնարկելու պահանջը կարևոր է։ Սակայն ՍԴ-ն պետք է պարզաբաներ՝ արդյոք այդ վերապահումը թույլ է տալիս չապահովել խոստացված արդյունքը, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը դա պահանջում է։ Այդ հարցին որոշումը պատասխան չի տալիս։

Տասնամյակների իրավունքներ՝ հետագայում որոշվելիք ծավալով

Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ընկերությանը 49 տարով տրամադրվում են հողօգտագործման բացառիկ և կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ ու «մյուս բոլոր իրավունքները»։ Դրանց շրջանակը համատեղ որոշելու են կառավարությունն ու ընկերությունը։ Իրավունքները կարող են ամբողջությամբ փոխանցվել հատուկ նշանակության կազմակերպություններին, իսկ դրանց ժամկետը՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել ևս 50 տարով։

ՍԴ-ն այս դրույթը ևս վերարտադրել է՝ որոշման 6.12-րդ կետում։ Բայց չի պարզաբանել, թե պետական թույլտվությունների և այլ իրավունքների շրջանակը որոշելիս որտեղ են ավարտվում կառավարության ու ընկերության պայմանավորվածության հնարավորությունները և սկսվում օրենքով կարգավորման պարտադիր պահանջները։

Նույն կերպ առանց գնահատականի է մնացել Հայաստանի պարտավորությունը՝ կոնցեսիոն կամ այլ համաձայնագիր կնքելու ընկերության հաստատած կազմակերպության հետ։

Այս հարցերի պատասխանը չի կարող լինել միայն այն, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը։ Պետք էր ստուգել, թե կոնկրետ պարտավորություններն ինչպես են համատեղվում պետական մարմինների սահմանադրական լիազորությունների և դրանց իրականացման սահմանների հետ։

ՍԴ որոշումը չի վերացնում տեքստը փոխելու անհրաժեշտությունը

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Այն բացել է համաձայնագրի վավերացման ճանապարհը։ Սակայն որոշման պարտադիր լինելը չի նշանակում, որ այն պատասխանել է համաձայնագրի սահմանադրականության հետ կապված հարցադրումներին։ Դատարանը պարտավոր էր վեր հանել այդ խնդիրները և գնահատել դրանք։ Եթե դատարանը համարում էր, որ խնդրահարույց դրույթները հնարավոր է մեկնաբանել Սահմանադրությանը համապատասխան, ապա պետք է հստակ ամրագրեր այդ մեկնաբանությունը՝ բացառելով դրանց հակասահմանադրական կիրառումը։ Իսկ մեկնաբանությամբ չվերացվող հակասությունները պետք է հիմք դառնային համաձայնագրի` Սահմանադրության հետ անհամապատասխանության մասին որոշման համար։ Որոշման մեջ, սակայն, ո՛չ նման վերլուծություն կա, ո՛չ առավել քան ակնհայտ սահմանադրական  խնդիրները լուծող պարտադիր մեկնաբանություն։ Սահմանադրական դատարանը առնվազն պետք է հստակեցներ, որ՝

  • օրենսդրական շեղումները սահմանվում են Ազգային ժողովի ընդունած օրենքով, իսկ առևտրային փաստաթղթերը կարող են միայն վերարտադրել դրանք,
  • հողերի ձեռքբերման պարտավորությունը չի կանխորոշում որևէ հողամասի հարկադիր օտարումը և չի վերացնում դրանից հրաժարվելու հնարավորությունը, երբ սահմանադրական պայմանները բացակայում են,
  • ընկերությանը տրամադրվող իրավունքները թվարկված են սպառիչ, իսկ պետական թույլտվությունները տրվում են օրենքով սահմանված հիմքերով ու կարգով:

Իհարկե, Սահմանադրական դատարանի դրական որոշումը խորհրդարանին չի պարտադրում վավերացնել համաձայնագիրը ներկայիս տեսքով․ Ազգային ժողովը կարող է մերժել վավերացումը՝ պահանջելով միջազգային իրավուքնով նախատեսված պատշաճ ընթացակարգերով նախ վերանայել խնդրահարույց դրույթները։ Սակայն խորհրդարանում ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում այդ հնարավորությունը մնում է զուտ տեսական։

Վարդան Պողոսյան

Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան