Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Դավթաշենի դպրոցներից մեկի 17-ամյա աշակերտուհու մոտ հնարավոր է կասկածելի իրեր լինեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները աղջկան ծնողի հետ հրավիրել են Դավթաշենի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացերեն գրությամբ փակ տուփով ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով փաթեթ՝ 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգվածով։
Ինչպես գրում է Past.am-ը, աղջիկը հայտնել է, որ փոշենման զանգվածը «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է։ Նրա և ծնողի փոխանցմամբ՝ դեղահաբը ձեռք է բերվել Դավթաշենի թաղամասի դեղատներից մեկում։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ ոստիկանության Դավթաշենի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար։



