Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոյին հարակից ճապոնական Չիբա պրեֆեկտուրայի ավելի քան 4 հազար բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրականության՝ «Դուջուան» թայֆունի հարվածի հետևանքով։ Թայֆունը Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափով անցել էր սեպտեմբերի 20-ին։ Այս մասին ասվում է տարերային աղետի հետևանքների վերաբերյալ տեղական իշխանությունների հերթական պաշտոնական ամփոփագրում։
Նրանց տվյալներով՝ զոհերի ճշտված ցուցակում 13 մարդ է, ևս երկուսը համարվում են անհետ կորած։
Թայֆունի հետևանքով առաջացած սողանքները հինգ հատվածում վնասել են տեղական երկաթուղային գծերից մեկը, որից նախկինում օրական օգտվում էր 54 հազար մարդ։ Հայտնում են, որ երկաթուղային երթևեկության վերականգնումը կտևի առնվազն երեք ամիս։ Տեղի բնակիչներին սպասարկելու համար լրացուցիչ ավտոբուսներ են հատկացվել, կանգառներում երկար հերթեր են գոյանում։
Չիբա պրեֆեկտուրայում ամբարտակի ճեղքման հետևանքով ջրի տակ է շարունակում մնալ 5 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ բազմաթիվ բնակելի տներ և գյուղատնտեսական նշանակության հողեր են գտնվում։ Աղետի գոտում վնասվել է գրեթե 1,7 հազար շինություն։



