ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ Ուկրաինայից երեխաների՝ Ռուսաստան ապօրինի արտաքսմանը և բռնի տեղափոխմանը մասնակցելու համար։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կառույցներին ԵՄ-ն մեղադրում է նաև երեխաների բռնի ասիմիլացմիան, գաղափարական ներգործության և ռազմականացված կրթության անցկացման մեջ։
Ցանկում ներառվել են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, ինչպես նաև երեխաների հանգստի, զբոսաշրջության և ժամանցի ոլորտում գործող երկու ռուսական ընկերություններ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գործող մանկական ճամբարների և մարզական կենտրոնների նկատմամբ։
Ցանկում է նաև Հյուսիսային Կորեայում գործող «Songdowon» միջազգային մանկական ճամբարը, որը, ըստ ԵՄ-ի, մասնակցել է ժամանակավորապես օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների տեղափոխման ծրագրերին։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, որը, ըստ ԵՄ-ի, նպաստել է ուկրաինացի երեխաների՝ Թաթարստանում գտնվող ճամբարներ տեղափոխմանը։
Պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպությունների ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել ֆինանսական միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ։ Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվել է նաև ԵՄ մուտքի և տարածքով տարանցման արգելք։
ԵՄ-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 20 500 ուկրաինացի երեխա ապօրինի արտաքսվել կամ բռնի տեղափոխվել է։ ԵՄ-ն այդ գործողությունները դիտարկում է որպես միջազգային իրավունքի և երեխաների հիմնարար իրավունքների խախտում։



