Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի բնակավայրերից մեկում 13-ամյա աշակերտի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Ըստ երեխայի ծնողի հաղորդման՝ սեպտեմբերի 22-ին մաթեմատիկայի դասաժամին 64-ամյա ուսուցիչը, դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառով, գոռացել է երեխայի վրա, տետրով հարվածել նրա գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա։ Դրանից հետո, ըստ ծնողի, երեխայի աջ աչքի շրջանում այտուց է առաջացել։
Ծնողի փոխանցմամբ՝ նույն օրը դպրոցի փոխտնօրենը, որը ուսուցչի կինն է, նույնպես գոռացել և ապտակել է երեխային, այնուհետև նրան տարել իր աշխատասենյակ և մեկ դասաժամ շարունակ անկյուն կանգնեցրել։
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։
Կարևոր է․ ներկայացված հանգամանքները հաղորդվում են ծնողի ներկայացրած տեղեկությունների հիման վրա, իսկ դեպքի վերջնական իրավական գնահատականը կտրվի քննության արդյունքներով։



