Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է ամուսնական զույգի, որը, ըստ քննության, սեփական նորածին որդուն վաճառել է մոտ 1200 դոլարին համարժեք գումարով։ Ստացված գումարը ծնողները, նախնական տվյալներով, ծախսել են թանկարժեք հեռախոսներ և ոսկե շղթա գնելու վրա։
Դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ երեխայի մայրը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով իր վրա կատարված հարձակման մասին։ Հետաքննության ընթացքում իրավապահները պարզել են, որ զույգը որոշ ժամանակ առաջ երեխային գումարի դիմաց հանձնել է միջնորդի։
Քննիչների տվյալներով՝ վաճառքից ստացված գումարով ծնողները ձեռք են բերել երկու թանկարժեք հեռախոս և ոսկե շղթա։ Իրավապահները հայտնաբերել և առգրավել են գնված իրերը։
Past.am-ի տեղեկություններով՝ մեկ ամսական երեխան հետագայում ևս մի քանի անգամ վերավաճառվել է։ Փոքրիկը չորս անգամ հայտնվել է տարբեր ընտանիքների մոտ և ի վերջո տեղափոխվել է իր ծննդավայրից ավելի քան 550 կիլոմետր հեռավորության վրա։
Past.am-ի փոխանցմամբ՝ երեխայի գտնվելու վայրը ոստիկաններին հաջողվել է պարզել հետաքննության ընթացքում։ Իրավապահները ձերբակալել են ծնողներին և գործով այլ ներգրավված անձանց, իսկ երեխային տեղափոխել են անվտանգ վայր։



