Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայի Սեյմը (խորհրդարանը) քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու օգտին:
Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկություն, որը նախատեսվում է իրականացնել 3 ամսից:
Լիագումար նիստում 106 անդամ քվեարկել է երկրում միջուկային զենքի տեղակայումն արգելող սահմանադրական հոդվածը չեղյալ համարելու օգտին, 6-ը ձեռնպահ է մնացել, իսկ 18-ը՝ դեմ․ հայտնում է ТАСС-ը:
«Միջուկային զենքի տեղակայման արգելքի չեղարկումը վերացնում է իրավական անվտանգության սահմանափակումները, որոնք մեզ տարբերակում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից», – հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը:
Սեյմի բանաձևը սահմանում է, որ Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումն արգելող 137-րդ հոդվածը կհեռացվի Սահմանադրությունից: Նույն հոդվածն արգելում է օտարերկրյա ռազմաբազաների առկայությունը:
Վիլնյուսն այժմ ձգտում է, որ ԱՄՆ-ն նման բազա տեղակայի: Սեյմը պետք է երկու անգամ քվեարկի սահմանադրական փոփոխության վերաբերյալ՝ քվեարկությունների միջև եռամսյա ընդմիջումով: Կրկնակի քվեարկությունը նախատեսված է հունվարի 12-ին:



