Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍև ծովում՝ Սոչիի ափերի մոտ, հեռակառավարվող նավակներով հարձակման է ենթարկվել Լիբերիայի դրոշով նավարկող «Աֆրամաքս Ռիո» նավթատար լցանավը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարարությունն՝ ամփոփելով գրոհի հետևանքների վերացման շուրջ շտաբի նիստի արդյունքները։
«23 հոգուց բաղկացած անձնակազմը (բոլորն էլ՝ Հնդկաստանի քաղաքացիներ) փրկվել է. նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - հայտնել է Տրանսպորտի նախարարությունը։
«Ներկայում Սև ծովի ջրատարածքում նավթի բաց այրում է տեղի ունենում։ Հրդեհաշիջման աշխատանքները կարելի է սկսել հրդեհի ինտենսիվության նվազումից հետո, երբ հնարավոր կդառնա փրկարարական նավերի մոտենալը լցանավին։ Հետևանքները վերացնելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են», - հավելել են նախարարությունում։
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել է, որ մշտապես վերահսկվում է օդի և ջրի որակը։ Նրա խոսքով՝ քաղաքային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես սահմանափակել ծովափնյա զբոսավայրերի և լողափերի տարածքների հասանելիությունը։
«Խնդրում եմ Սոչիի բնակիչներին և հյուրերին վտանգի չենթարկել իրենց և սպասել դրանց բացման վերաբերյալ պաշտոնական որոշմանը», - գրել է Պրոշունինը Max-ում։
«Մենք համակարգում ենք բոլոր ծառայությունների գործողությունները, գնահատում իրավիճակը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում հրդեհի վերացման համար», - հավելել է նա։
Որոշ Telegram ալիքներ գրում են, որ լցանավի վրա հրդեհը բռնկվել է ուկրաինական նավակների հարվածների հետևանքով։



