ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի քաղաքացի Լյուբով Ռոժանսկայան, որին հոկտեմբերի 1-ին Աստանայում ձերբակալել էին ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցման հիման վրա, կարողացել է լքել Ղազախստանը: Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն՝ հղում անելով կնոջ փաստաբան Ալեքսեյ Պրյանիշնիկովին:
Հաղորդվում է, որ Ռոժանսկայան այժմ Եվրամիության երկրներից մեկում է: Ըստ փաստաբանի՝ դատարանը խափանման միջոց չի կիրառել, և ուկրաինուհին ձերբակալությունից երեք օր անց ազատ է արձակվել ու դուրս եկել երկրից:
Deutche Welle-ի փոխանցմամբ՝ Ռոժանսկայայի ազատ արձակմանը հետամուտ են եղել Ուկրաինայի իշխանությունները, իսկ Ղազախստանի իշխանությունները, փաստաբանի վկայությամբ, նրանց հետ «կառուցողական երկխոսություն» են վարել:
2023 թվականին Ռուսաստանում Ռոժանսկայայի դեմ քրեական գործ են հարուցել երեխայի առևանգման փորձի մեղադրանքով: Խոսքը նրա իսկ թոռան մասին է, որին 2021-ին Օդեսայից Կալինինգրադ տեղափոխված և Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած նախկին հարսն այս տարվա հունիսին առաջարկել էր հանձնել տատին և պետք է դրա համար տղային Աստանա բերեր. անցած տարի Ուկրաինայի գերագույն դատարանը հոր հայցով տղայի բնակության վայր է որոշել Օդեսան:
Քրեական գործի մասին ուկրաինուհին տեղյակ չի եղել, քանի որ երբեք Ռուսաստան չի այցելել, մինչդեռ այս տարվա օգոստոսին Կալինինգրադի դատարանը բավարարել է նրան կալանավորելու ԱԴԾ միջնորդությունը:



